Aysor.am-ը գրում է.
Վերջին շրջանում լրջորեն փոխվել է հայկական բանակի դիմագիծն ու զինանոցը, ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայ մտավորականության նոր ու հզոր շերտ է ձևավորվում մեզանում, որը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է էլիտայի արժանավոր հատվածը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը` պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` ՀՀԿ շարքերը համալրած Պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների, հատկապես` երիտասարդ սպաների պաշտոնական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար:
«Ընդհանրապես, բանակը պետք է դառնա ու, վստահ եմ, շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ: Մեր բոլոր քայլերը դրան են տանելու: Պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն ու ընդգծված առաջնահերթություն տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին և հայտերին»,- ասաց ՀՀ նախագահը:
Նա անդրադարձավ նաև Պաշտպանության նորանշանակ նախարարի գործունեությանը:
«Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը: Մենք երկար քննարկել ենք մեր ԶՈւ վերաբերող շատ հարցեր և պայմանավորվել ենք, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության և ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում»,- ասաց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ բանակի արդիականացման համար միջոցներ չեն խնայվելու:
«Բանակը կարող է դառնալ նաև տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:
Մեր Զինված ուժերի կարիքները հոգալու համար անհրաժեշտ միջոցները, որքանով հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում` սննդից մինչև շինանյութ, սպառազինությունից մինչև ծրագրային ապահովում: Պետք է հնարավորինս առաջնահերթությունը տանք հայկականին` ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի: Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնլոգոիաների ոլորտին»,- ամփոփեց ՀՀ նախագահը:



