Tert.am-ը գրում է.

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ու որոշ նախարարների ՀՀԿ-ին անդամագրվելու  հարցին, ասաց, որ ՀՀԿ-ն ոչ միայն փոփոխություններ է նախաձեռնել երկրում, այլ ինքն էլ փոփոխվող ու քաղաքական նորաձևության մեջ փոփոխություններ հարուցող, ստեղծող քաղաքական ուժ է, և այդ ամենը քաղաքական նորաձևություն թելադրելու քայլեր են:Ներկայացնում ենք Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցը:

- Պարո՛ն Աշոտյան, վարչապետն  ու որոշ նախարարներ նոյեմբերի 24-ին հայտարարեցին թիմով ՀՀԿ-ին անդամագրվելու մասին, ու արդեն իսկ տեսակետներ կան, որ կառավարությունը կուսակցականացնելով` ՀՀԿ-ն փորձում է ավելացնել իր ազդեցությունը գործադիրի վրա և այն ավելի վերահսկելի դարձնել:

- Վարչապետն իր երեկվա ելույթում հանգամանորեն շարադրեց բոլոր դրդապատճառներն իր՝ նման քաղաքական որոշման համար: ՀՀԿ-ն է առաջադրել Կարեն Կարապետյանին որպես վարչապետ, ՀՀԿ-ն է երկրի նախագահի և կուսակցության ղեկավարի սահմանադրական գործառույթով ձևավորել նոր կառավարությունը, ՀՀԿ-ն է ԱԺ-ում հիմնականում ձայն տվել նոր կառավարությանը և նրա ծրագրին: Այս կառավարության քաղաքական հենարանն աներկբա ՀՀԿ-ն է: Դա անվիճելի փաստ է: Ազդեցության ավելացման մասով եթե ՀՀԿ-ն նման ստվերային խնդիր ունենար, ապա կուսակցական դառնալու խնդիրը շաղկապված կլիներ վարչապետի և նախարարների նշանակման հետ ի սկզբանե, ոչ թե դա տեղի կունենար պաշտոնավարման 70-րդ օրը: Որևէ մեկին որևէ կուսակցություն բռնի ձևով իր շարքերը չի ներառել, և սա անհատի քաղաքական որոշումն է: Իրավական տեսակետից վարչապետը և նախարարները ՀՀ քաղաքացիներ են, որոնք ունեն կուսակցական դառնալու իրավունք: Հատկապես որ նոր Սահմանադրությունը 2017 թ-ին ձևավորվող խորհրդարանին և կառավարությանը տալիս է բոլորովին այլ որակ և չի լինելու քաղաքականություն առանց կուսակցությունների: 

- Սակայն խոսքը նախևառաջ երկրի գործադիր մարմնի մասին է, ոչ թե քաղաքական մարմնի:  

- Գործադիր մարմինը՝ կառավարությունը ձևավորվում է քաղաքական ակտի, այն է՝ համապետական ընտրությունների արդյունքում, որին մասնակցում են քաղաքական ուժեր: Ակնհայտ է, որ կառավարությունը տարբերվում է տնօրենների խորհրդից այն առումով, որ նախևառաջ ունի քաղաքական երանգ: Կառավարության մեջ կարո՞ղ են լինել անկուսակցական վարչապետ և նախարարներ, իհարկե՝ այո: Բայց, կարծում եմ, վարչապետի այս քայլը վկայում է այն մասին, որ ինքն իր գործունեությունը Հայաստանում և Հայաստանի համար տեսնում է երկարաժամկետ կտրվածքով, ոչ այնքան այն 6-ամսյա ժամկետում, որով ստացել է կառավարման մանդատ՝ որպես վարչապետ:  

  • ՀՀԿ-ն ակնկալում էր, որ Կարեն Կարապետյանն իրեն վարչապետ նշանակելու դիմաց պիտի ՀՀԿ-ին վարձահատո՞ւյց լիներ իր թիմով կուսակցական դառնալով:

    -Որտեղի՞ց եկաք նման իրականության: Վարչապետն ինքն է ասել, որ վստահում է այն թիմին, որն իրեն առաջադրել է որպես վարչապետ: Չմոռանանք նաև, որ ՀՀԿ-ն ոչ միայն փոփոխություններ է նախաձեռնել երկրում, այլ ինքն էլ փոփոխվող ու քաղաքական նորաձևության մեջ փոփոխություններ հարուցող, ստեղծող քաղաքական ուժ է և, եթե հիշում եք, ՀՀԿ նիստում նախագահն ասաց, որ Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փոփոխությունների շոգեքարշ կարող է լինել: Ակնհայտ է, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, տեղի է ունենում խորքային քաղաքական գործընթաց և այս տեսակետից մենք ողջունում ենք վարչապետի ու մի շարք նախարարների մուտքը մեր կուսակցություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել