Image result for ՍփյուռքՍփյուռքի հետ գործակցության այլ ձևաչափեր են պետք.

Երեկ պարզվեց՝ հերթական դրամահավաք-թելեթոնն էր: Հավաքվեց կարծեմ 16մլն դոլար: Քանի՞ տարի ենք փող հավաքում... 5, 10, 15... Միգուցե ավելի՞ շատ։ Չգիտեմ: Մի տեղ ճանապարհ ենք սարքում, մի տեղ՝ ջրագիծ, մի տեղ՝ դպրոց: Գնալով հանգանակվող գումարը, կարծեմ, նվազում է, ծագման երկրները՝ փոխվում: Սա, իհարկե, իր պատճառներն ունի, «օդից» ոչինչ չի լինում:

Հիմա կարծես շատ բան է փոխվել, այդ թվում՝ այն հիմնական դոնորների հարցում, ովքեր ֆինանսավորում էին մեծ ծրագրեր երկրի, պետության, ազգի համար: Այսօր մեր «գործընկեր», հայրենակից սփյուռքի աշխարհագրությունն է փոխվել. «արևմտյան» սփյուռքը փոխարինվել է «ռուսականով», տեղական դոնորներով: Իհարկե, հարկ է նշել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպման գործում մեր բոլոր «սփյուռքեր»-ն են մեծագույն ներդրումներ ունեցել, սակայն ակնհայտ է, որ շատ բան է փոխվել մեր դրսի ազգակիցների ու Հայաստանի հարաբերություններում:

Իսկ առկա հիմնական խնդիրը ամբողջականորեն կարելի է ձևակերպել որպես վստահության ճգնաժամ: Վստահություն, որ հայրենիք ուղարկվող միջոցը կծառայի իր նպատակին, առաջադրված խնդրի լուծմանը: Ո՞վ է մեղավոր միայն կաշառակեր չինովնի՞կը, իհարկե ոչ: Մեղավոր են նաև սփյուռքահային «քցելու մեծ ցանկություն ունեցող» շարքային շատ քաղաքացիներ՝ տաքսիստից սկսած, վերջացրած «վերնիսաժի» վաճառող: Խնդիրներ կան սփյուռքի ընկալումներում ու այնտեղ հասնող տեղեկատվության օբյեկտիվության հետ կապված ևս: Ինչևէ...

Մեր սփյուռքը շատ հարուստ է ու ունի ահռելի հոգևոր ներուժ: Իհարկե, այն ինստիտուցիոնալ ձևակերպում չունի, և դա տրամաբանական է, սակայն փաստ է, որ ՀՀ-ի զարգացման համար մեծագույն դերակատարում կարող է ստանձնել:

Այսօրվա ճգնաժամի պարագայում մեր տնտեսությունն օր-օրի վատանում է, և դա օրինաչափ է: Ներդրումների դեֆիցիտը (չնայած ԱՎԾ-ի տվյալներին), հազար այլ խնդիրներ շարունակելու են ոչնչացնել մեր «չեղած» տնտեսությունը: Ու փողի պակասն էականորեն է իրեն զգացնել տալու, քանզի մի կողմից ներկրող երկիր ենք, մյուս կողմից՝ արտագաղթ ունենք, ու արտաքին տրանսֆերներն ընդհանուր առմամբ պակասում են: Իսկ դա նշանակում է, որ արտագաղթն օբյեկտիվորեն չի դադարելու, հետևաբար «թելեթոն»-ի՝ մեր տարբեր գյուղեր տանող ճանապարհների վերականգնման ծրագրեը կարող են մի օր այլևս պետք չլինել, քանի որ այդ գյուղերում կարող է այլևս բնակիչ չունենանք: Մտահոգիչ, սակայն իրատեսական հեռանկար է: Հետևաբար պետք է ոչ ստանդարտ լուծումներ փնտրել ու խիզախություն ունենալ եղած լրջագույն խնդիրները լուծելու:

Օրինակ՝ կարելի է մեխանիզմներ մտածել ու գտնել սփյուռքի հայրենակիցների կողմից մեր գյուղերի հետ համատեղ ծրագեր իրականացնելու ֆորմատ: Հենց այս տեսանկյունից գյուղապետերը, սովորական գյուղացիները կարող են կարևոր դերկատարում ունենալ գյուղատնտեսական ապրանքներ, գյուղմթերք կամ այլ բան ստեղծելու ծրագրեր առաջարկելու ու մշակելու հարցում: Ու որքան դա լինի ինքնուրույն, այդքան ավելի լավ: Սփյուռքի համայնքների, անհատների, գործարարների հետ հնարավոր համատեղ ծրագրերը չեն թողնի, որ գյուղը դատարկվի, ու կվերականգնվի սփյուռքի վստահությունը: Իսկ պետությունը միայն պետք է կամուրջ հանդիսանա, ոչ ավելին: Սա կարող է նաև բիզնես կարևոր գործակցության հիմք դառնալ, քայլ-քայլ զարգացնել գյուղը ու ներդրումներ բերել երկիր: Կարելի է մտածել այս մասին, պատկան մարմիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել