Related imageՀՀ կուսակցական և անկուսակցական վարչապետները

Հետսովետական Հայաստանն իր 25-ամյա գոյության ընթացքում բավականին խայտաբղետ և հագեցած քաղաքական քրոնիկոն է ունեցել, և այս ֆոնին բավականին կարևոր դերակատարում են ունեցել ՀՀ վարչապետները: Քառորդ դարերի ընթացքում մենք ունեցել ենք 14 վարչապետ (14-րդը պաշտոնավարում է), նշվածից կարող ենք եզրակացնել, որ վարչապետները երկարակյաց չեն եղել, ինչպես երկրի նախագահները, եւ փոխվել են՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից։ Նորանկախ ՀՀ-ն ունեցել է լիբերալ-ազատական, կոմունիստական, պահպանողական հայացքների տեր և կուսակցական վարչապետներ, եղել են նաև անկուսակցականներ, անհատներ ովքեր այսօր էլ ակտիվ դերակատարում ունեն ՀՀ քաղաքական-հասարակական կյանքում։

ՀՀ առաջին վարչապետը Վազգեն Մանուկյանն էր՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ. Նա պաշտոնավարեց 1990-1991թթ.։ Մանուկյանի կառավարումը բավականին կարճ էր, չնայած նա «թիմի անդամ» էր, սակայն նրա ջրերը չգնաց ՀՀՇ-ական իր գաղափարակիցների հետ և նրանց «ջրերը մի առվով չհոսեցին». Մունկյանը հեռացավ և հիմնադրեց ԱԺՄ կուսակցությունը։ 2009 թվականից մինչ օրս Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահն է։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992թ. հուլիսը վարչապետի պարտականությունները դրվեցին կոմունիստական անցյալ ունեցող, ղարաբաղյան շարժման հետ առնչություն չունեցած Գագիկ Հարությունյանի վրա։ Հարությունյանը 1996 թվականի փետրվարից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն է։ 1992-1993թթ. վարչապետ նշանակվեց Խոսրով Հարությունյանը, ով նույնպես ուղնուծուծով կոմունիստ էր. հետագա տարիներին նա մի կարճ ժամանակահատված եղավ ԱԺ նախագահ։ Այսօր Խոսրով Մելիքիչը ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր է և Հանրային խորհրդի անդամ։ 1993-95թթ. ՀՀ վարչապետն էր լիբերալ հայացքների տեր երիտասարդ բարեփոխիչ Հրանտ Բագրատյանը, ով Հայաստանում արևմտյան երկրների օրինակով մի շարք տնտեսական բարեփոխումներ ձեռնարկեց։ Նա 1995թ. Սահմանադրության ընդունումից հետո վերանշանակվեց ՀՀ վարչապետ և պաշտոնավարեց մինչեւ 1996թ. նոյեմբեր։ Բագրատյանն այսօր ԱԺ պատգամավոր է և բավականին ակտիվ գործունեություն է ծավալում ԱԺ-ում ու երկրի հասարակական կյանքում։

1996-1997թթ. գործադիրը ղեկավարեց անկուսակցական Արմեն Սարգսյանը. հայ հասարակությունը այդ վարչապետից գրեթե ոչ մի տպավորիչ բան չի հիշում, թերևս կարելի է հիշել միայն նրա ժպիտը։ Պալատական խարդավանքների պատճառով հրաժարական տված և «մառախլապատ Ալբիոն» մեկնած Սարգսյանը նշանակվեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, որտեղից եկել և որտեղից սկսել էր իր դիվանագիտական գործունեությունը։ Սարգսյանին փոխարինեց անկուսակցական Ռոբերտ Քոչարյանը, ով ՀՀ վարչապետ աշխատեց 1997-1998թթ., իսկ հետո դարձավ ՀՀ նախագահ։ 1998-1999թթ., ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցրեց դարձյալ անկուսակցական Արմեն Դարբինյանը, ով այսօր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորն է և պատմության մեջ մնաց «պրոֆեսիոնալների կառավարություն» տերմինով։ 1999թ. մայիսին տեղի ունեցած պառլամենտական ընտրություններից հետո կառավարության ղեկավարումը ստանձնեց Վազգեն Սարգսյանը, ով նույն թվականի հոկտեմբերի 27-ին դարձավ ԱԺ ներխուժած ոճրագործների զոհը։ Վ. Սարգսյանին փոխարինեց նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը պաշտոնավարեց մինչեւ 2000 թվականի մայիսը։ Ա. Սարգսյանը պաշտոնից հեռացավ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հակասությունների պատճառով, 2001թ. հիմնադրեց «Հանրապետություն» կուսակցությունը և առայսօր այդ կուսակցության նախագահն է։ ՀՀ ամենաերկարակյաց վարչապետն Անդրանիկ Մարգարյանն էր, ով ԽՍՀՄ տարիներին ընդհատակյա գործող ԱՄԿ անդամ էր և սովետական ժամանակաշրջանի քաղբանտարկյալ։ Նա, պաշտոնավարեց 2000-2007թթ.։ Սերժ Սարգսյանը, որը 2008թ. դարձավ ՀՀ նախագահ։

2008թ. ՀՀ վարչապետ նշանակվեց արևմտամետ գործչի իմիջ ունեցող, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը, ով վարչապետ դառնալուց հետո անդամակցեց ՀՀԿ-ին: Նա պաշտոնավարեց մինչև 2014թ., լուրջ հակասություններ ունեցավ քաղաքական ուժերի հետ, որոնք պահանջում էին նրա հրաժարականը, իսկ այնուհետև նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ 2016թ. փետրվարի 1-ից, ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար: 2014 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի սեպտեմբերը գործադիրը ղեկավարեց ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով պրագմատիկ գործչի ու օպերատիվ լուծումներ տվող խաղացողի իմիջ ուներ:

Սույն թվականի սեպտեմբերից վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով անկուսակցական էր և տևական ժամանակ ղեկավարել էր Գազպրոմ-Արմենիան, ինչպես նաև Գազպրոմբանկի խորհրդի անդամ էր: Կարապետյանը հանրությանը հայտնի էր, որպես կայացած մենեջեր և պրոֆեսիոնալ տնտեսագետ: Ժամեր առաջ նա հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել իշխող ՀՀԿ-ին, մեկ բառով կարող ենք նշել, որ ցանկացած պրոֆեսիոնալի հարկավոր է քաղաքական հենարան, ուստի վարչապետ Կարապետյանը ցանկացած պարագայում պետք է ունենար այն թիմը և քաղաքական ուժը, ինչը հնարավորություն կտար հանդես գալ նաև որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ:

Մեծ առումով կուսակցականացման գործընթացը նորություն չէր և սրա մասին ավելի վաղ ակնարկել էր նաև նախագահը՝ ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու շրջանակներում հնչեցրած իր ելույթներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել