Ցանկացած ձերբակալվածի էլ եթե հարցնես, ապա ինքը իրեն անմեղ կհամարի, և եթե հավատաս բոլորին, կստացվի, որ բանտերում միայն անմեղ մարդիկ են, իսկ հանցագործներ ընդհանրապես չկան: Երևի թե հանցագործություններն էլ իրականում տեղի չեն ունենում, դա մեր երևակայության արդյունքն է...

Հիմա նույն մոտեցումով ներկայումս կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է մի սրտաճմլիկ բաց նամակ ուղարկել լրատվական կայքերից մեկի խմբագրություն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ լի մեղադրանքներով: Ի դեպ, մեղադրանքի մասին՝ հիշեցնեմ, որ Վահան Շիրխանյանը մեղադրվում է Նոր-Նորքի հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեջ, և եթե հիշում եք, խոսքը մեծաքանակ զենք-զինամթերքի հայտնաբերման և ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրի մասին էր: Այս մասին Շիրխանյանն, իհարկե, մոռանում է, և ինչպես ամեն մի հանցագործ, ինքն էլ իրեն անմեղ է համարում՝ դրա փոխարեն փորձելով ամեն ինչում մեղադրել հանրապետության նախագահին:

Ասում է՝ Սերժ Սարգսյանը 23 տարի Հայաստանում պաշտոններ զբաղեցնելով իր անձնական իմպերիան է կառուցել: Լավ, բա այդ դեպքում ինչու՞ էր լռում ինքը՝ Շիրխանյանը, երբ Պաշտպանության փոխնախարարի պաշտոն էր զբաղեցնում, ինչու՞ այն ժամանակ իր արդարացի բողոքի ձայնը չէր բարձրացնում: Թե՞ մեր երկրում բոլորը արդարամիտ են դառնում միայն պաշտոնանկ լինելուց հետո...

Ի դեպ, ձերբակալության ժամանակ Շիրխանյանը բավականին դրական էր արտահայտվել նախագահի մասին: Նա նշել է, թե

- Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերն է

-ինքը բռնի ուժով իշխանափոխությունը համարում է թշնամություն երկրին և ազգին

- այսօր չկա մեկ ուրիշը, ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին……

Հետաքրքիր է՝ ի՞նչը և ինչու՞ այդպես կտրուկ փոխվեց իր պատկերացումներում: Միգուցե ինչ-որ մեկից հանձնարարությու՞ն ստացավ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել