ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի մոտալուտ այցը Հայաստան հերթական անգամ «վայնասունի» առիթ է տվել Բաքվի վարչակարգին:
Ադրբեջանում սիրում են Հայաստանի հետ հարաբերություններ պահելու համատեքստում Իրանին համեմատության մեջ դնել Թուրքիայի և Պակիստանի հետ և նշել, որ Իրանը, ի տարբերություն Թուրքիայի և Պակիստանի, որպես իսլամական երկիր` չի կանգնում Ադրբեջանի կողքին:
Ադրբեջանական լրատվամիջոցները Ռուհանիի` Հայաստան սպասվելիք այցը գնահատել են որպես «տարածաշրջանում Հայաստանի կշիռը ծանրացնող հանգամանք» և նոր հնարավորություն Երևանի համար՝ «շարունակելու իր կոշտ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում»:
Ադրբեջանին հավանաբար Թեհրանից կհուշեն, որ տարածաշրջանում միակ երկիրը, որ անվերապահ բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, միայն Հայաստանն է:
Կհուշեն նաև, որ ի տարբերություն Ադրբեջանի, որի տարածքը և բնական ու մարդկային ռեսուրսները իսրայելական հետախուզության տրամադրության տակ են դրված Իրանի դեմ ամենատարբեր թշանամական գործողությունների իրականացման համար, Հայաստանը ոչ մի բանի դիմաց երբևէ չի ստորադասել իր հարավային հարևանի շահերը, նույնիսկ եթե դրա հետևանքով առերեսվել է երբեմն գերտերությունների հետ որոշակի խնդիրների: