Իրանը աստիճանաբար բացում է իր դռները արտաքին աշխարհի առջև: Գործնական հարթության մեջ իր ազդեցությունն ուժեղացնում է պատժամիջոցների չեղարկումը:
Այսպես՝ ԵՄ-ն այս տարվա հունվար ամսին հանեց Թեհրանի հետ ֆինանսական հաղորդակցության արգելքը, և իրանցիները կարող են օգտվել SWIFT միջազգային համակարգից։ ԵՄ-ն չեղյալ հայտարարեց Իրանից նավթի և նավթամթերքների ներմուծման արգելքը։ ԱՄՆ-ն ևս հանեց ֆինանսական և առևտրային սահմանափակումները, թույլատրվեց ամերիկյան մարդատար օդանավեր վաճառել Իրանին։ Այս շարքը կարելի է շարունակել:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ թե՛ ԵՄ-ի անդամ երկրները և թե՛ ասիական երկրներն արդեն փորձեր են ձեռնարկում իրանական շուկայում ամուր տեղ գրավելու: Օտարերկրյա ընկերությունների պատվիրակություններն այցելում են Իրան՝ տեղի շուկան ուսումնասիրելու, համապատասխան ներդրումներ անելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար: Իրանի 80մլն-անոց շուկան գրավելու և էներգետիկ հսկայական ռեսուրսներից օգտվելու համար մրցակցությունն աստիճանաբար իրողություն է դառնում:
Դժվար չէ պատկերացնել նաև, թե ինչ զարգացման հնարավորություններ են բացվել հայ-իրանական հարաբերությունների զարգացման և երկկողմ տնտեսական նախաձեռնությունների իրականացման հարցում: Հայաստանն Իրանի այն եզակի հարևաններից է, որ երկու երկրների հարաբերություններն, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից և պատժամիջոցների սահմանումից, կառուցողական բնույթ են կրել:
Այսօր շատ ենք խոսում հայ-թուրքական սահմանի բացման մասին, սակայն հաճախ չենք էլ նկատում, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ամուր հիմքի վրա կառուցումն առավել քան իրական է և խոստումնալից: Իրան-Հայաստան գործակցության ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող նախաձեռնողականությունը դեռևս անբավարար է: Ճիշտ է, այս հարցում գոյություն ունեն Հայաստանին որոշ կաշկանդող հանգամանքներ՝ հիմնականում արտաքին, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է պասիվ դիրքորոշում որդեգրի:
Անհրաժեշտ է, որ մենք հանդես գանք նոր նախաձեռնություններով, որոնք կընդգրկեն առևտրատնտեսական ոլորտից մինչև ռազմավարական նշանակություն ունեցող պրոյեկտների իրականացում:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 157.6 մլն դոլար։ Այս ժամանակահատվածում ՀՀ-ից Իրան արտահանումը կազմել է 48.9 մլն դոլար, իսկ Իրանից ներմուծվել է 108.7 մլն դոլարի ապրանք: Ինչպես տեսնում են, Իրանի հետ առևտրաշրջանառությունը բացասական հաշվեկշիռ ունի՝ ներմուծումը գերակշում է արտահանմանը: Բացի այդ՝ առևտրաշրջանառության ծավալները սպասվածից ցածր են։ Իրանի նման հարևան ունենալու դեպքում 48.9 մլն դոլարի արտահանումը ուղղակի «խղճուկ» թիվ է: Ցանկալի է, որ այս հարցը դառնա լուրջ մտահոգության առարկա, և նոր ստեղծվելիք աշխատանքային խումբը, որի հիմնական նպատակը լինելու է ՀՀ-ից Իրան արտադրանքի արտահանման խթանումը, ակտիվ աշխատանք տանի այս ուղղությամբ: Մասնավորապես՝ առաջին հերթին պետք է լուծվեն Իրանում պահանջվող չափորոշիչներին ՀՀ արտադրանքի համապատասխանեցման և դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու հարցերը:
Իրանական շուկայում հայկական արտադրանքի արտահանման ծավալների մեծացումը լուրջ փորձություն կարող է լինել հայ արտադրողների համար. այն երկարաժամկետ հեռանկարում ցույց կտա հայկական արտադրանքի մրցունակությունը իրանական շուկայում: