Սակայն ամենագլխավորը, իհարկե, երկու երկրների բնակչության արձագանքն է այս երևույթին։ Հայ հասարակությունը կարծես թե ուշքի է գալիս քառօրյա պատերազմի հետևանքներից, ու այսօր արդեն, հետադարձ հայացք նետելով, կարող ենք փաստել, որ հանրությունը հասկացել է, թե ինչ խնդրի առաջ է կանգնած պետությունը։ Սպառազինության մրցավազքը երևի թե ամենավերջին բանն է, որով կարելի է հպարտանալ, սակայն այն իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք, ցավոք, ստիպում է ընդունել, որ սահմանների պաշտպանության գործընթացն այլընտրանք չունի։ Սա է ստիպում իրավիճակը, սա է ստիպում մեզ Ադրբեջանը, որը ոչ մի կերպ չի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ընդ որում՝ Ադրբեջանը արդեն մեկ անգամ ցույց է տվել, որ այդ միլիարդավոր դոլարները, որոնք նա ծախսում է իր ռազմական բյուջեն ավելացնելու համար, ինչ-որ մի ժամանակ նաև հանդգնելու է օգտագործել։ Եվ սա հստակ ցուցիչ է, որովհետև, ինչպես նշեցինք, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լելե Թեփեի օրինակով ինքը ետ կբերի նաև Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքները։ Սա արդեն հստակ նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է ևս մեկ պատերազմի, և այս անգամ հայկական կողմը պետք է Ադրբեջանին պարզապես պարտադրի խաղաղություն։ Այլ տարբերակ լինել չի կարող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



