Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ուզբեկստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է ուրբաթօրյա նամազին։
Իմամ Մաթուրիդիի մզկիթ կատարած այցի ժամանակ Էրդողանը մզկիթի ֆոնին լուսանկարվել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո առաջին դեպքն է, երբ այդ երեք անձինք հայտնվել են նույն հարթակում և լուսանկարվել։
Ուզբեկստան կատարած այցի ժամանակ Էրդողանին Աքարից ու Ֆիդանից բացի, ուղեկցել են նրա կին Էմինեն, Թուրքիայի փոխվարչապետներ Վեյսի Քայնաքն ու Թուղրուլ Թուրքեշը, սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նրա փեսա, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին, Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը և այլք։
Էրդողանն Ուզբեկստանում հանդիպել է այդ երկրի ղեկավարի պաշտոնակատար Շավքաթ Միրզիաևի հետ, քննարկել է երկկողմ համագործակցության խորացումը և հույս է հայտնել, որ Ուզբեկստանի ապագա ղեկավարն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի հենց դեպի Թուրքիա։ Էրդողանն Ուզբեկստանից մեկնել է Պակիստան։



