Image result for ԵՏՄՀՀ-ն կընդունի՞ ԵՏՄ-ի «փոխանցումները»

Եվրասիական տնտեսական միության գրավչությունն ի սկզբանե պայմանավորված է եղել 170 միլիոնանոց շուկայի փաստով: Ինչպես գիտենք, մշտապես հնչել են հակասական կարծիքներ ԵՏՄ-ում տնտեսական պոտենցիալի վերաբերյալ: Համեմատաբար շատ շրջանառվել է այն փաստարկը, որ ՀՀ տեղական արտադրանքը արտահանվում է հիմնականում ռուսական շուկա, և այս տեսանկյունից ԵՏՄ-ն կարող է խթանել թե՛ առևտրաշրջանառության ծավալները և թե՛ արտահանման ծավալները:

Մյուս կողմից էլ՝ շատ է խոսվել այն մասին, որ տեղական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով պետք է իրականացվեն մի շարք գործառույթներ: Ճիշտ է, սա «բարիեր է», որը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝ աշխարհագրական դիրքից սկսած, բնական ռեսուրսների սակավությունով վերջացրած: Հետևաբար ոչ պակաս կարևոր է հասկանալ, թե կոնկրետ որ ոլորտում ենք կարողանում թողարկել մրցունակ արտադրանք:

Ինչևէ, նոր կառավարության ձևավորումից հետո բազմաթիվ անդրադարձներ են կատարվել հենց այս թեմային: Կառավարության 6-ամսյա ծրագրից, վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև վերջին շրջանում ընդունված որոշումներից ու հանձնարարականներից ենթադրելի է դառնում մի բան՝ «պետական լաբորատորիայում» ուսումնասիրվում է գործարար միջավայրը: Եթե փորձենք հիշել, վարչապետը ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԵՏՄ-ում առկա բիզնես պոտենցիալը մաքսիմալ օգտագործվելու է: Ի՞նչ քայլերով և ի՞նչ գործիքակազմով, դեռ հստակ չէ, բայց այս համատեքստում կարևոր է ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա:

Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հավանության են արժանացել միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Միասնական ընթացակարգին համապատասխան՝ ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի:

Սա կարող է նպաստել ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը: Բացի այս՝ կարևոր է ընդգծել նաև, որ այս քայլը կարևոր խթան կարող է լինել նաև միասնական շուկայի ձևավորման ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել