Իրանական շուկայի չօգտագործված պոտենցիալը
Շատ է խոսվում, որ ցանկացած երկրի համար միջազգային կապերն ամրապնդելն ու արտաքին շուկաներում հավուր պատշաճի ներկայանլը կարող է դառնալ զարգացման լուրջ խթան: Մեր երկրի պարագայում դա ավելի քան արդիական է, քանի որ մեր շուկան չափազանց փոքր է տեղի խոշոր արտադրողների համար, ինչը սահմանափակում է զարգացման հնարավորությունը:
Մենք անընդհատ խոսում ենք այս մասին, բայց, մեծամասամբ, արտաքին շուկա ասելով, հասկանում ենք Ռուսաստանը, իսկ լավագույն դեպքում ԵԱՏՄ-ն: Այստեղ էլ առաջանում են մի շարք խնդիրներ լոգիստիկայի հետ կապված, որն էլ իր հերթին ազդում է ապրանքի գնի, հետևաբար նաև մրցունակության վրա: Իհարկե, վերոնշյալ շուկաները բավականին մեծ ծավալ ունեն և կարելի է որպես թիրախ դիտարկել հայ արտադրողների կողմից, բայց եկեք չմոռանանք մեր հարևան Իրանի մասին: Այն մեր տարածաշրջանի հզորագույն երկրներից է և ունի մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Եթե ուսումնասիրենք վերջին տվյալները, Հայաստանն այդտեղ զբաղեցնում է չնչին տոկոս, ինչը կարելի է շտկել արդյունավետ աշխատելով:
Իրանական շուկան պատժամիջոցների վերանայումից հետո դեռ չի հագեցել, և անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում կարելի է այնտեղ մեծ մասնաբաժին ստանալ: Այստեղ շատ կարևոր կլինի նաև պետական աջակցությունը՝ Իրան-Հայաստան սահմանին մաքսային ավելի լավ պայմանաներ ստեղծելու մասով:
Իհարկե, զուտ թվային ցուցանիշներից ելնելով՝ կարծիք հայտնելը շատ ավելի հեշտ է, քան գործնականում իրանական շուկա դուրս գալը, բայց անհրաժեշտ պետական աջակցության և գործարարների կողմից անհրաժեշտ ռեսուրսների ներդրման դեպքում հնարավոր է «գրավել» իրանական շուկան: