Image result for historyՊատմության մեջ այս օրը՝ 1989թ. նոյեմբերի 17-ին Չեխոսլովակիայում սկսվեց կոմունիստական ռեժիմի ապամոնտաժման գործընթացը կամ «Թավշյա հեղափոխությունը»: 1989թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ուսանողները դուրս եկան փողոց՝ ի հիշատակ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստական օկուպացիայի ժամանակ սպանված ուսանող Յան Օպլետալի: Այդ օրը հազարավոր ուսանողներ դուրս եկան Պրահայի փողոցներ: Չնայած այն բանին, որ երթը նվիրված էր զոհված ուսանողի հիշատակին, այնուամենայնիվ, հավաքված ուսանողները սկսեցին քաղաքական պահանջներ բարձրաձայնել: Ցուցարարները նպատակ ունեին հասնել Վացլավյան հրապարակ, սակայն երեկոյան ոստիկանությունը շրջափակեց շուրջ 2000 ուսանողի և ցույցը դաժանորեն ցրեց: Ուսանողները ծեծվում էին անխնա կերպով: Արդեն 1990թ. ստեղծված նոյեմբերի 17-ի դեպքերը հետաքննող կոմիտեի տվյալներով՝ ոստիկանական գործողություններից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էր ստացել շուրջ 500 ուսանող: Միջազգային հանրությունը հետագա օրերին խստորեն դատապարտեց կոմունիստական ռեժիմի վայրագությունը ուսանողների հանդեպ: Նոյեմբերի 20-ին, ի աջակցություն նոյեմբերի 17-ին ծեծված ուսանողների, Պրահայի կրթական հաստատությունների ուսանողները դասադուլ են հայտարարում: Մի քանի ժամ անց դասադուլին միանում են երկրի բոլոր կրթական հաստատությունների երիտասարդները: Միաժամանակ Պրահայում և այլ խոշոր քաղաքներում սկսվում են բողոքի անժամկետ գործողություններ: Երկրում մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում վերացվեց կոմունիստական համակարգը: Հետագայում 1993թ. Չեխոսլովակիայի փոխարեն առաջացան Չեխիան և Սլովակիան: Նույն թվականին Չեխիայի նախագահ դարձավ գրող, դիսիդենտ և շարժման առաջնորդ Վացլավ Հավելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել