«Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանին ու Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվելAysor.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին ու Պավել Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

«Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով՝ գույք ոչնչացնելը և 218 հոդվածի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը:

«Հրաժարվեց  ստանալ, ծանոթանալ գործին, նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները«,-ասաց Ա. Պապիկյանը:

Մինչ այս, Աշոտ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Նոր մեղադրանք է առաջադրվել նաև Պավել Մանուկյանին: 

«Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը), 185-րդ հոդվածը՝ «Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

«Բնականաբար, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որովհետև գտնում է, որ իրենք  քաղաքական ակցիա են արել, որի նպատակն է եղել երկրում օրինական իշխանություն ձևավորելը», - ասաց Հ. Բաղդասարյանը:

Մինչ այս, Պ. Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Պավլիկ Մանուկյանին առաջադրված  մեղադրանքը լրացվել էր. առաջադրված մեղադրանքին ավելացել է զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել