Related imageԱյն, որ Իրանի ազդեցությունը Նախիջանում մեծ է, գաղտնիք չէ և դրանում առանցքային նշանակություն ունի թերևս տնտեսական գործոնը, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանական Հանրապետության հետ կապող ցամաքային ճանապարհը անցնում է Իրանի տարածքով: Բայց Իրանն այս անցած 25 տարիների ընթացքում փաստացիորեն որոշակի ազդեցություն է ձեռք բերել նաև Նախիջևանի քաղաքական և կրոնական կյանքում:

Ուշագրավ են երեկ ԱՀ-ում ԻԻՀ նորանշանակ դեսպանի` Նախիջևան կատարած այցի շրջանակներում Վասիֆ Թալիբովի` գերագույն խորհրդի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինիս արտահայտած որոշ մտքեր: Մասնավորապես՝ Վասիֆ Թալիբովը, շնորհավորելով Ջավադ Ջահանգիրզադեին ԱՀ-ում ԻԻՀ դեսպան նշանակվելու առթիվ, նշել է, որ Նախիջևանը իրանցիների մեկ այլ տունն է, իսկ Իրանի և Նախիջևանի հարաբերությունները ոչ թե երկու երկրների հարաբերություններ են, այլ ազգակիցների ու բարեկամների:

Գերագույն խորհրդի նախագահի մեջբերած արտահայտությունը թերևս հուշում է, որ Իրանը, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, առանձնահատուկ աշխատանքներ է իրականացնում Նախիջևանում, և մինչ Իլհամ Ալիևի ականջը Ֆիզուլիում շոյվում է իր աշխատակազմի անդամներից մեկի թելադրած տեքստը վարչական շրջանի ղեկավարի բերանով լսելուց, ԱՀ-ում ԻԻՀ դեսպանը վայելում է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահի սրտի անկեղծ խոսքը և իրեն զգում իր «իրանական տանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել