Դասական քաղաքագիտական բան եմ ասում. որպեսզի ռեֆորմիստական իշխանությունն ունենա հաջողություն, նրա իրականացրած ռեֆորմը պետք է.
1. ապահովի արագ արդյունք,
2. շահի ավելի շատ կողմնակիցներ, քան հակառակորդներ,
3. պահանջի քիչ ծախսեր:
Իշխանությունը՝ ի դեմս ՊՆ-ի, ազգ-բանակ գաղափարի շրջանակներում «սահմանել է» հայտնի «1000 դրամի քաղաքականությունը», որով յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից պետք է 1000 դրամ պահվի զոհված կամ վիրավորված զինծառայողներին հատուցելու համար: Այս գաղափարը չի համապատասխանում ռեֆորմի սկզբունքներին առնվազն այն մասով, որ ունի շատ հակառակորդներ և հանրային մեծ քննադատության արժանացավ, մյուս կողմից էլ՝ քաղաքացու համար ծախս է պահանջում: 35 տոկոս աղքատության պարագայում դա կարելի է համարել մեծ ծախս: Սակայն գաղափարակիրները մնում են անդրդվելի: (Ընդհանրապես, իշխանությունը դեռևս չի գնացել այնպիսի բարեփոխման, որը կապահովի արագ ու տեսանելի անչափ կարևոր էֆեկտը):
Իշխանությունը չպետք է վերցնի մի գաղափար ու սկսի ջերմեռանդորեն այն տանել առաջ ռեֆորմի անվան տակ. նախ՝ պետք է հաշվի առնի վերը նշված 3 կետերը: Անհրաժեշտ է հասկանալ ու գնահատել հանրային տրամադրվածությունը, իր ծրագրերին կա՞ն աջակցողներ, թե՞ չկան: Եթե արագ կամ լուրջ բարեփոխումների գնացող իշխանության քայլը հանդիպում է դիմադրության, ուրեմն՝ պետք է այն վերափոխել, որպեսզի համակիրներ շահել, իսկ եթե իշխանությունը գնում է պարտադրանքի այլևայլ ճանապարհով, ապա ռեֆորմն իր տեղը զիջում է ռեպրեսիային, այսինքն՝ վերադարձ դեպի հին ավտորիտար մեթոդներ: Արդյունքում սկսում է հանրային ընդվզում, ջարդվում է լայն կոնսենսուսը, որը ռեֆորմի լավագույն դաշնակիցն է: Ուրեմն՝ պետք է մոտեցումները փոխել, ԶԻՋԵԼ:
Եվ երկրորդ՝ գաղափար-գործողություն զուգորդություն. դիցուք՝ ազգ-բանակի գաղափարի հռչակումից առաջ կամ ընթացքում կարևոր էր ազատվել բանակային օլիգարխիայից ու կոռուպցիայից, այլապես չի հասկացվում «ազգ» գաղափարն օլիգարխիկ համակարգում: Սա կարևոր է նաև արդարության սկզբունքը պահպանելու համար:
Մյուս կարևոր հանգամանքը փիառն է: Իշխանությունը պետք է հանրության հետ կոնտակտից հեռու պահի հին ու քարացած դեմքերին: Ընդհանրապես, փիառի տեսանկությունից շատ կարևոր է քաղաքական գործչի շրջապատը, երբ նա անում է որևէ հայտարարություն: Օրինակ՝ պատգամավոր Գագիկ Մելիքյանն «1000 դրամի» գաղափարին դեմ արտահայտվողներին անվանում է տականք այն դեպքում, երբ իր շրջապատը շատ կասկածելի է, և նրանց՝ միլիոնատեր ու միլիարդատերերի պատճառով է, որ այսօր պետությունը, միջոցներ չունենալով, իր պաշտպանների համար այլընտրանքային միջոցներ է որոնում:
Սրանք ռիսկեր են, ընդ որում՝ քաղաքական, որոնք հաշվի չառնելու պարագայում իշխանությունը կրկին կձախողի: Չափազանց կարևոր է, որ վերջինն այս փուլում զերծ մնա այնպիսի գործելաոճից, որը հանրային ընկալումներում կասոցացվի նախկին գործելաոճի հետ: