Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ մտնելու որոշումը հատկանշական է մի քանի իմաստով։ Նախարարը նշում է, որ քաղաքական արդյունավետ գործունեություն ծավալելու համար այլևս կուսակցական լինելը պարտադիր նախապայման է։ Բնական է, նկատի ունի ՀՀԿ-ին, որովհետև իշխանությունը ՀՀԿ-ն է։ Հայաստանում տարիների ընթացքում այս մոտեցումը գնալով միս ու արյուն է ստացել, թեպետ մինչև վերջերս (նկատի ունեմ նոր Կառավարության ձևավորումը), փորձ էր արվում խուսափել «կուսակցականություն» կոչվածից՝ փորձելով պայմանական անկախ չինովնիկին հնարավորություն տալ իր աշխատանքը ներդաշնակ սինթեզման շնորհիվ համադրելու նեղ իշխանական անցուդարձի հետ։ Ցավոք, ո՛չ Տիգրան Սարգսյանին, ո՛չ էլ Կարեն Կարապետյանին (99 տոկոսով վստահ եմ, որ վերջինս նոյեմբերի վերջին մտնելու է ՀՀԿ) դա չհաջողվեց, բնականաբար, նրանցից էլ ազդված՝ նույն կերպ վարվեցին նախարարի պաշտոն զբաղեցնողներից շատերը։
Եվ ուրեմն՝ ի՞նչ է նշանակում մտնել ՀՀԿ։ Փորձը ցույց է տալիս, որ իշխանական կուսակցություն մտնելը միայն «թափ-թազա զնաչոկի» արարողակարգ չէ։ Դա նշանակում է կուսակցության հետ նստել-վեր կենալու, ինչու՞ ոչ, հին ավանդական քեֆ ուրախությունների ոճով, ներպալատական այլևս ակնհայտ ինտրիգների, խնդիրների վերաբերյալ դիրքորոշում ունենալու, ինչպես նաև Ազատիչի օրոք կամ նրա բացակայության ընթացքում դիրքավորվելու կուլտուրա ցուցաբերել։ Ահա հենց այստեղ է, դիցուք, որ չհաջողեց Տիգրան Սարգսյանը, որովհետև եթե վերջինս կարող էր ինչ-որ կերպ Արմեն Աշոտյանի հետ, բացի քաղաքականությունից, խոսել նաև, ասենք, բլյուզ երաժշտության ալբոմներից, ապա Շմայսի հետ վերջինս թերևս հինգ րոպեում սենյակում մենակ մնալուց կարող է հոգեկան խանգարում ստանալ։ Այդ էր պատճառը, որ էությամբ տեխնոկրատ Տիգրան Սարգսյանը, թեպետ բավականին երկար ժամանակ դիմացավ վարչապետի պաշտոնում, բայց ակնհայտ էր, որ նա այդպես էլ «սվոյ» չդառավ։ Կարենը Կարապետյանը դեռ նոր պետք է հանձնի այդ քննությունն ու արդեն ուժերը փորձի կուսակցական լեվլում։ Դե ինչ մնում է Վիգեն Սարգսյանին, ապա վերջինս, Սերժ Սարգսյանի հետ աշխատելով, արդեն իսկ բավականին լուրջ թիկունք կունենա կուսակցությունում, սակայն դա դեռևս բավարար լինել չի կարող, քանի որ՝ ա. Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյան չէ, բ. ոչ ոք չի ասել, որ վերջինս հավերժ լինելու է իշխանության գլուխ, որովհետև ուշ թե շուտ աշխարհի բոլոր առաջնորդներն էլ սխալվել են ու հենց էնպիսի հարցերում, որտեղ թվում էր, թե վտանգ ընդհանրապես չի սպառնում։