Այժմ, երբ բանակում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին հատկացվող 1000-ական դրամների քննարկումները թևակոխել են ԱԺ քննարկման փուլ, հարկ ենք համարում անել մի քանի շեշտադրում թե՛ ծրագրի և թե՛ այդ ծրագիրը հեղինակած ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի գործունեության վերաբերյալ։
Նախագիծն իսկապես այն եզակիներից է, որը մտահոգության, քննարկման ու ուշադրության է արժանացել հանրային համարյա թե բոլոր շերտերի կողմից։ Բանակն իսկապես այսօրվա Հայաստանի համար յուրահատուկ Ռուբիկոն է, որից այն կողմ քաղաքական կրքերը չեն բորբոքվում (բացառությամբ մեկ տասնյակ մարգինալների)։ Հետևաբար քննադատական մոտեցումները ավելի շատ ոչ թե հայեցակարգի, այլ մեթոդի դեմ են։ Ունի՞ իրավունք ըննդիմությունը կամ, առհասարակ, քաղաքացին մտահոգվելու այդ գումարների արդյունավետ ծախսման վերաբերյալ։ Այո՛, ունի։ Դա է խոսում ամբողջ պետական կառավարման անգործունակությունը վերջին տարիներին, հազար ու մի պաշտոնյաների, բարձրաստիճան զինվորականների դիզած հարստությունները և այլն։ Կենցաղային մշտադիտարկման արդյունքում անզեն աչքով այդ ամենը տեսանելի է, այդ տիպի քննարկումներից ոչ մի տեղ չի կարող փախչել ո՛չ Վիգեն Սարգսյանը, ո՛չ էլ իշխանությունը։ Իրենք իրենցից հեռու փախչել չեն կարող։
Ինչ մնում է Վիգեն Սարգսյանին։ Չի կարելի ասել, թե ՊՆ նորանշանակ նախարարը այս ամենը չէր հասկանում, երբ նախագիծը դեռևս հում վիճակում ներարկում էր մեդիադաշտ՝ փորձելով հասկանալ հանրային տրամադրությունները։ Սակայն այստեղ առաջանում է հետևյալ հարցը։ Սարգսյանը կա՛մ պիտի աներ դա, կա՛մ չպիտի աներ։ Եթե չաներ, փույթ չէ, միշտ էլ կա հին ու նոր փորձված մեթոդը՝ ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնության շնորհիվ նախագիծը անցկացնել, առանց քննարկումների և այլն։ Սակայն ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը նչ-որ կերպով փորձում է ականջալուր լինել նաև հանրային կարծիքին, ու, ճիշտ է, այդ հարցադրումներից շատերին (կոնկրետ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանտվության ենթարկելու հարցում), նա ի վիճակի չէ պարզապես պատասխաններ տալ, որովհետև այդ դեպքում կպայթեր Հայաստանի համակարգը պարզապես։ Սակայն գոնե այն, որ ինչ-որ փորձ կատարվում է դիալոգի մեջ մտնելու հանրության հետ, զգացվում է։ Այս առումով ՊՆ նախարարը խոցելի է, որովհետև քանի նա այդ պաշտոնն է զբաղեցնում, մշտապես ասոցիացվելու է իշխանության հետ, ու մշտապես նրան նմանատիպ հարցադրումներ են անելու։ Իսկ վերջինս իսկապես խուսափելու է, որովհետև հաստատ Սարգսյանը չի լինելու այն մեկը, ով պետք է պատասխանատվության կանչի գեներալիտետից շատ-շատերին։ Դրա համար կան ավելի բարձրաստիճան մարդիկ, որոնք համառորեն այս պահին լռում են։