Ծննդկանի ու նորածնի մահվան գործով ցուցմունք տվեց բուժքույրը. նա պնդեց այն, ինչ հերքում են հարազատներըAysor.am-ը գրում է.

Երևանի  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի գործով դատական նիստը: Այսօր գործով ցուցմունք տվեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը:

«Մերի Մարգարյանը հիվանդանոց էր եկել ուրախ տրամադրությամբ, ասաց, որ «գրիպոզ վիճակ է»,  ջերմությունը չափել եմ, բարձր չէր», - պատմեց բուժքույրը՝ նշելով, թե չի հիշում կոնկրետ ինչ գանգատներ էր ներկայացրել Մ. Մարգարյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հետաքրքվեց, թե ում ցուցումով են հետազոտել Մերի  Մարգարյանին:

«Շուշանիկ Բախշյանը հեռախոսով ասաց` հետազոտեք, Անի Բաբելյանն էլ վիրահատարանից ասաց, որ անալիզներ վերցնենք», -պատմեց Նինա Զոհրաբյանը:

Ի դեպ, բուժքույրը պնդեց, որ Անի Բաբելյանը վիրահատության գնալուց առաջ տեսել է Մերի Մարգարյանին, մինչդեռ Մերի Մարգարյանի հարազատները հակառակն են պատմում:

Դատավոր Դավիթ Բալայանի հարցին՝ ինչ են խոսել այդ դեպքում հղին ու բժշկուհին, բուժքույրը նշեց. «Ես այնտեղ չեմ եղել, միայն տեսել եմ, որ սենյակում խոսում են իրար հետ»:

2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:

Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։

Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել