Newsbook.am-ը գրում է.

Համացանցում բուռն քննարկվում է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքը: Համացանցային օգտատերերից շատերին զայրացրել էր հատկապես այն հանգամանքը, որ Անդրեն, Գարիկ Պապոյանը, Էրիկն ու Շուշանիկ Արևշատյանը ծաղրում էին երիտասարդին, նրա գյուղացի լինելու հանգամանքը և այդ ամենն անում էին հաղորդման ռեյթինգը բարձրացնելու համար:

Newsbook.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսել է Եղիշեի քրոջ` Մարիամ Աղաջանյանի հետ: 

Ըստ Մարիամ Աղաջանյանի՝ ժյուրին չի ծաղրել եղբորը, բայց սխալ վերաբերմունք է ցույց տվել երիտասարդի նկատմամբ: «Ուղղակի սխալ վերաբերմունք են ցույց տալիս երիտասարդների նկատմամբ, այդ երիտասարդները պատրաստի երգիչներ չեն, եթե պատրաստի երգիչներ լինեին, ապա «Իքս Ֆակտոր»-ի բեմում չէին հայտնվի: Ինձ թվում է՝ պետք է երիտասարդների նկատմամբ վերաբերմունքը փոխել, նկատողությունը պետք է այնպես անել, որ քննարկման տեղիք չտա, մոտեցումն է սխալ, նախ և առաջ պետք է ճիշտ մոտեցում ցույց տային»,- կայքի հետ զրույցում տեսակետ հայտնեց Եղիշե Աղաջանյանի քույրը:

Մարիամը սոցիալական ցանցի միջոցով հետևել է բոլոր մեկնաբանություններին, կարդացել է նաև Գուրգեն Դաբաղյանի կարծիքը, սակայն որևէ մեկնաբանության տեղիք չի տվել: 17-ամյա մասնակցի քրոջ խոսքով, սակայն, սպասելի էր, որ հանրությունը կարձագանքի տեղի ունեցածին: «Հեռուստատեսությամբ տեսնում ենք այնպիսի մարդկանց, ովքեր ձայն չունեն, բայց անցնում են հաջորդ փուլ, քանի որ երգում են եվրոպական երգեր, իսկ այստեղ պարզ երևում էր՝ իրենց դուրը չի գալիս երգը, ոճը, բայց սա մեր ժողովրդական երգն է ու դրանից այն կողմ չկա ոչ մի ոճ»,- նկատեց նա:

Քույրն ասաց, որ ժյուրին փորձում է լարվածությունը հանել, բայց նրա դիտարկմամբ՝ կարելի էր հումորն այլ կերպ անել: «Հումորը պետք է այնպես անել, որ երիտասարդներին ավելորդ լարվածության մեջ չդնի, և ոչ թե այնպիսի հումորներով անել, որ երիտասարդներին ավելի մեծ լարվածության մեջ դնի: Թե ինչքանով ժյուրին սահմաններից դուրս եկավ, ես դա թողնում են հեռուստադիտողի դատին»,- նշեց նա: 

Դրախտիկի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել է Եղիշեն, երեկվանից նույնպես բուռն քննարկումներ են: Ուսուցչական կոլեկտիվը բորբոքված է իրենց աշակերտի նկատմամբ ժյուրիի պահվածքից:

Նրանք հիշեցնում են, որ ժյուրիի կազմում էլ կան անդամներ, ովքեր մինչև հայտնի երգիչ դառնալը գյուղացի տղա են եղել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել