Ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից. Ֆինանսների նախարարը՝ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման մասինAysor.am-ը գրում է.

Շատ բարդ բան է մարդուն զրկել աշխատանքից, բայց միևնույն ժամանակ կարևոր է՝ որքանով է արդյունավետ տվյալ մարդու աշխատանքը: Aysor.am-ի հարցին, թե կա՞ն հաշվարկներ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից քանի հոգի է զրկվել աշխատանքից, պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
 
«Դեռևս ամբողջական հաշվարկ չունենք: Օրինակ, ֆինանսների նախարարության մասով ես կանխատեսումներ ունեմ, մոտավորապես, կարող ենք տնտեսել շուրջ 150-200 միլիոն դրամ: Կրճատվողները կարող են լինել մոտ 50 հոգի: Այդ ամբողջ աշխատանքներն ամփոփ տեսքով կունենանք, երբ բոլոր ՊՈԱԿ-ների մասով կետ առ կետ ամփոփենք»,-ասաց ֆինանսներրի նախարարը:
 
Վարդան Արամյանի խոսքով՝ շատ բարդ բան է մարդուն զրկել աշխատանքից՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այդ մարդիկ ընտանիք ունեն: 
 
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, հարցին այլ տեսանկյունից պետք է մոտենալ. «Երկու երնեկ մի տեղ չի լինում. հնարավոր չէ, որ ունենանք արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական կամ ծախսային քաղաքականություն, առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք, թե մեզ համար կարևորն ինչն է: Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ կարևորն այն է, որ հարկատուից վերցրած փողը արդյունավետ ծախսվի»:
 
«Եթե մարդը նստած է իր աթոռին, ստանում է այդ եկամուտը և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ապա ես, որպես ֆինանսների նախարար, պետք է դրա նկատմամբ անտարբեր չլինեմ: Եթե այդ գումարը ես կարող եմ տնտեսել և նույն ծառայությունն այլ ձևաչափով ունենալ, ուրեմն պետք է գնամ դրան: Իհարկե, շատ բարդ բան է, ես ինքս խոսել եմ այդ մարդկանց հետ, շատ դժվար է նայել մարդկանց աչքերի մեջ, հետո գալ և որոշում կայացնել: Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք հանել: Բայց խնդրում եմ նաև ըմբռնումով մոտենալ մեր այդ քայլին, որովհետև մենք որևէ անձնական բան չունենք, մենք ուզում ենք կարգավորել մեր ֆինանսները»,- եզրափակեց խոսքը նախարարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել