Tert.am-ը գրում է.

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի միջազգային ծառայության բաժնի դասախոս, «Imagine» հակամարտությունների վերափոխման կենտրոնի հիմնադիր-ղեկավար Փիլիպ Գամաղելյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում անընդհատ արծարծվող «փոխզիջումներ» արտահայտությունն այսօր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից որպես կորուստ է ընկալվում: Ըստ նրա՝ քանի դեռ այդ ընկալումը համատարած է, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում լուծում գտնելն անհնար է:

-Պարո՛ն Գամաղելյան, ես իզուր չնշեցի իմ խոսքում՝ «խաղաղ բանակցային գործընթաց» արտահայտությունը․ բոլորը դրա մասին խոսում էին, կարծես թե կոնֆլիկտի լուծմանն ուղղված ծրագրեր էին իրականացվում, բայց ապրիլին պատերազմն անխուսափելի եղավ: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետևանքով եղավ դա, կոնֆլիկտի լուծման որևէ տարբերակ չկա՞ր:

-Կարծում եմ, որ հակամարտության լուծման համար բավական բարենպաստ պայմաններ էին ստեղծվել 2008-2011 թվականներին, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նորընտիր նախագահներ Օբաման և Մեդվեդևը իրական ջանքեր էին գործադրում ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ: Դա այն հազվադեպ ժամանակահատվածներից էր առնվազն 2000-ից ի վեր, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը նպաստում էր լուծմանը, և հայերն ու ադրբեջանցիները հնարավորություն ունեին իրենց ապագան ինքնուրույն կերտել: Դա, իհարկե, պահանջում էր իրական համագործակցություն և փոխզիջումներ անելու պատրաստակամություն: Այս փոխզիջումներն անշուշտ բավական ցավոտ էին լինելու թե՛ մի կողմի համար, թե՛ մյուս: Ավելին ասեմ՝ արտաքին գործոնների բացակայության դեպքում, այդ փոխզիջումները կարող էին համարվել անընդունելի: Սակայն մենք փոքր պետություններ ենք, իսկ փոքր պետությունների վրա արտաքին գործոնների ազդեցությունը միշտ շատ զգալի է: Այս դեպքում հայերի և ադրբեջանցիների՝ միմյանց հետ ընդհանուր հայտարարի չգալու գինը ուրիշների խաղում խաղաքար դառնալն էր, և ինքնիշխանության աստիճանական կորուստը: Հակամարտությանը լուծում չգտնելու այս և շատ ուրիշ ցավալի հետևանքներն այսօր արդեն ակնհայտ են:

-Ենթադրում եմ, որ մինչև ապրիլ և գուցե ապրիլից հետո էլ հայերի և ադրբեջանցիների համատեղ մասնակցությամբ «Դիալոգ» ծրագրեր իրականացնում եք: Երկու երկրների առճակատումից հետո, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն են հարաբերությունները հասարակությունների միջև, որո՞նք են նրանց ցանկությունները:

-Հասարակությունների միջև հարաբերությունների մասին դժվար է դատել մի քանի խմբի հանդիպման հիման վրա: Հասարակությունները երբեք միատարր չեն, և նրանցում բավական խոր ներքին տարաձայնություններ կարող են լինել: Ինչ վերաբերում է այն խմբերին, որոնց հետ ես աշխատել եմ 2016-ի ապրիլից ի վեր, ապա կարող եմ ասել, որ որոշ մարդիկ հիասթափված են «մյուս կողմից», անվստահությունը խորացել է, համարում են, որ պատերազմն անխուսափելի է: Ուրիշները հիասթափված են իրենց իսկ կառավարություններից, որոնք տասնամյակների ընթացքում անունակ գտնվեցին լուծելու այս և շատ այլ խնդիրներ, և շարունակաբար հասարակություններին և հատկապես երիտասարդ տղաներին վտանգի են ենթարկում։ Կան նաև նրանք, ովքեր համարում են, որ հիմա հիասթափվելու կամ հուսահատվելու ժամանակը չէ, որ մեր ապագան ազգայնականների և անվերջ պատերազմի ձեռքը հանձնել չի կարելի, և անհրաժեշտ է առավել համառությամբ աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ: Անձամբ իմ շրջապատում թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերներիս մոտ հենց այս վերջին դիրքորոշումն է գերիշխող:

-Դուք խոսել եք, որ հանդիպումների ժամանակ լինում են նաև քաղաքական առաջարկություններ: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ի՞նչ քաղաքական առաջարկություններ են եղել, որոնք, ըստ Ձեզ, հիշարժան էին և կարելի կլիներ կիրառել և հաջողություն գրանցել:

-Մեր կազմակերպած հանդիպումների ժամանակ երբեք չենք աշխատել հիմնախնդրի ամբողջական քաղաքական լուծման ուղղությամբ: Խնդիրն այն է, որ քաղաքական լուծման մասին խոսելու մենաշնորհը վերցրել են իրենց վրա Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները։ Նրանք բավական պարզ ցուցադրում են, որ քաղաքացիական հասարակության կամ ակադեմիայի ձայնն այս հարցում լսելու նպատակ չունեն, չնայած որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից դուրս գալու հաջող գործընթացներ, լուծման նախապայմաններ ստեղծելու գործում հիմնվում են հենց ակադեմիայի և քաղաքացիական հասարակության վրա: Քանի որ ԼՂ հիմնախնդրի քաղաքական լուծման հարցում այդպիսի անհաջող կառավարական մենաշնորհ է գործում, մենք կենտրոնանում ենք ոչ թե հակամարտության քաղաքական լուծման կամ կարգավորման, այլ հակամարտության վերափոխման՝ տրանսֆորմացիայի վրա: Ո՞րն է սրանց տարբերությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել