Aravot.am-ը գրում է.

Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին եւ հաշմանդամ դարձած զինվորներին պիտի՞ օգնենք: Այո, անպայման: Իսկ սիրիահայերի՞ն: Իսկ աղետի գոտում տնակներում ապրողների՞ն: Իսկ 50 հազարով ապրող թոշակառուների՞ն: Իսկ Հյուսիս-հարավ ճանապարհը չպիտի՞ կառուցենք: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղի՞ն: Իսկ կրթության որակը չպիտի՞ բարձրացնենք: Իսկ նոր, ժամանակակից զենք չպիտի՞ գնենք: Կարող եմ շարունակել թվարկումը` բերելով հազարումի շատ կարեւոր, ռազմավարական նպատակներ:

Այդ ամենի համար փող է, չէ՞, պետք: Ինչպե՞ս է պետք հավաքել այդ փողերը: Ընդհանրապես կա երկու ճանապարհ` հարկերի միջոցով եւ քաղաքացիների նվիրատվություններով: Եթե եկամտային հարկը բարձրացվում է 1000 դրամով, այդպես էլ ասեք` քննարկելու հարց է: Չնայած անձամբ ես կողմ եմ ոչ թե եկամտահարկի, այլ գույքահարկի ավելի «մանրամասն» տարանջատմանը. իմ թեեւ համեստ, բայց սեփական տան եւ 7-րդ մասիվում մեկ սենյականոց բնակարանի գույքահարկերը պետք է շեշտակիորեն տարբեր լինեն: Երկրորդ ճանապարհը քաղաքացիների ԿԱՄԱՎՈՐ մուծումներն են: Ես պատրաստ եմ վճարել իմ հազար դրամը ու նաեւ ազատել իմ եւս 9 համաքաղաքացիներին այդ բեռից:

Բայց դա պետք է ճիշտ կազմակերպել եւ քարոզել: Նախ` ես պետք է վստահ լինեմ իմ 10 հազար դրամի «ճակատագրի» համար: Երկրորդ՝ պետք է գտնվեն հեղինակավոր, անբիծ մարդիկ, որոնց՝ բանակին օգնելու կոչը լսվի եւ ընկալվի մեր քաղաքացիների եւ ընդհանրապես բոլոր հայերի կողմից: Եվ վերջապես՝ մուծելու եղանակները պետք է լինեն պարզ, բյուրոկրատական քաշքշուկից ազատ: Մարդիկ, օրինակ, կարող են ալարել գնալ-հասնել բանկ: Կարելի է ձեւավորել նշված նպատակների համար հիմնադրամ, հայտարարել, թե ո՛ր վստահելի, չարատավորված անձինք են (թեկուզ եւ Հայաստանից դուրս ապրող) լինելու դրա հոգաբարձուները եւ պարբերաբար՝ առնվազն ամիսը մեկ, տեղեկացնել, թե որտեղ է գնացել ամեն մի լուման: Այդպիսի հիմնադրամներ կառավարելն ու փող ներգրավելը մի առանձին գիտություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել