Հենրիխ Մխիթարյան. Ֆանտաստիկ խաղ ստացվեցArmsport.am-ը գրում է.

ԱԱ-2018-ի որակավորման փուլի՝ Հայաստան - Մոնտենեգրո (3:2) խաղից հետո լրագրողների հետ զրուցեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Կարծում եմ, որ ֆանտաստիկ հանդիպում ստացվեց: Ոչ ոք չէր սպասում, որ 0:2 պարտվելուց հետո կարող ենք 3:2 հաշվով հաղթել, բայց մենք հավատում էինք դրան: Թեկուզև պարտվելով մեր մեջ ուժ գտանք և կարողացանք ամեն ինչ անել, որ երկրորդ խաղակեսն ավելի լավ ընթանա մեզ համար: Առաջին խաղակեսից հետո փորձեցինք սխալներն ուղղել: Փորձեցինք անել ավելի լավ այն ամենը, ինչը չէր ստացվում առաջին խաղակեսում: Կարծում եմ` երկրորդ խաղակեսը ինքնդերդ տեսաք և կարող եք գնահատել»:

Մխիթարյանը խոսեց նաև թիմում խաղաժամանակ չստանալու հետո հավաքականի կազմում ամբողջական հանդիպում անցկացնելու մասին:

«Իհարկե, ֆիզիկապես դժվար է, բայց կարևորը ցանկություն ունեի, մինչև վերջ փորձում էի պայքարել: Չէի կարող թիմին ճանապարհի կեսին թողնել և մտածել, թե ամեն ինչ կորցրած է, հույս չկա: Փորձում էի մինչև վերջ խաղալ և ամեն ինչով օգնել թիմին: Հանդերձարանը ցնծում էր: Ձայնիցս կզգաք, որ շատ ուրախացանք, որովհետև երեք տարի հաղթանակ չէինք տարել պաշտոնական խաղերում և կարծում եմ, որ այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար թե՛ այս ընտրական փուլում, թե՛ արդեն, որ վերելքը սկսվի այսօրվանից»:

Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին.

«Գտնում եմ, որ նա չորս հինգ օրում կարողացավ շատ մեծ աշխատանք կատարել: Չնայած, որ շատ դժվար է, բայց նա արեց դա: Հուսով եմ, որ ընտրական փուլի մյուս խաղերից առաջ, երբ թիմը կհավաքվի՝ էլ ավելի լավ կպատրաստվենք խաղերին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել