«The Voice» նախագծի հայկական տարբերակը` «Հայաստանի ձայնը», արդեն մի քանի ամիս շարունակ հեռուստաէկրանների մոտ է պահում մրցույթի հազարավոր երկրպագուների: Ժյուրիի 4 պրոֆեսիոնալ անդամները յուրաքանչյուր մրցութային համերգին պատրաստում և ներկայացնում են իրենց մասնակիցների գրեթե անթերի ելույթները` և՛ վոկալային, և՛ ներկայացուցչական առումով: Գնալով պայքարը թեժանում է: Ի վերջո, ո՞վ է դառնալու Հայաստանի ձայնը:
ArmStar.am-ն արդեն ներկայացրել է Սոֆի Մխեյանի հետ մեր հարցազրույցը: Այս շաբաթ տեղի ունեցավ նախագծի 4-րդ գալա համերգը, որին ներկա գտնվելով, խոսել ենք ջազի թագուհի, լավագույն հայ երգչուհիներից մեկի` Սոնայի հետ և փորձել ենք կորզել որոշ մանրամասներ նրա մարզչական փորձից:

- Գո՞հ եք մնացել արդյոք Ձեր մասնակիցների ելույթներից:
-Չկա սահման կատարելությանը: Նրանք չափազանց երիտասարդ են, և այս անընդհատ փոփոխվող կյանքում պետք է միշտ ձգտում ունենան:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ առավելություն ունեն Ձեր թիմի անդամները` այլ մարզիչների մասնակիցների հետ համեմատ:
-Կարծում եմ, որ բոլորն էլ ուժեղ են և միմյանց արժանի մրցակիցներ են: Հենց դա է մրցույթն ավելի հետաքրքիր դարձնում:
-Ո՞ր թիմին կամ, միգուցե, կոնկրետ մասնակցին եք Ձեր հիմնական մրցակիցը համարում:
-Թող դա իմ գաղտնիքը լինի: Չէ՞ որ ես կին եմ: (ժպտում է)
-Ի՞նչ խորհուրդ եք տալիս Ձեր թիմի մասնակիցներին, որին նրանք պետք է անպայման հետևեն:
-Պարտադիր ոչինչ չկա: Պետք է անկեղծ լինել և հավատարիմ մնալ սեփական «ես»-ին:

-Հակառակորդի թիմից կա՞ մի մասնակից, ում կցանկանայիք տեսնել Ձեր թիմում:
-Ես գոհ եմ իմ ընտրությունից:
-Ի՞նչ եք զգում, երբ Ձեր թիմի մասնակիցը բեմ է բարձրանում:
-Բեմում իմ թիմի յուրաքանչյուր մասնակցի ելույթը նման է հերթական «ծննդաբերության»: Անհանգստանում եմ ամբողջ հոգով և սրտով:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի կատարողը, որպեսզի հաղթանակ տանի նման նախագծում:
-Այդ անձնավորությունը պետք է ՈԳՈՎ ուժեղ լինի: Շնորհակալ լինի իր ՆԱԽՆԻՆԵՐԻՆ:
-Դիտե՞լ եք «The Voice» նախագծի ռուսական և արտասահմանյան տարբերակները: Ձեր կարծիքով, կարո՞ղ ենք մենք վստահությամբ ասել, որ թե՛ մասնակիցների կազմով, թե՛ մրցույթի կազմակերպման մակարդակով մենք ոչնչով չենք զիջում նրանց:
-Դրանք լավ ուղենիշ են, որոնց մենք ձգտում ենք:

-Ի՞նչ չափանիշներ էիք հաշվի առնում, երբ ընտրում էիք Ձեր մասնակիցներին: Երևի թե բոլորն էլ նկատել են, որ առաջին հերթին այդ երջանիկների թվում էին հայտնվում ջազային ոճում հանդես եկող մասնակիցները:
-Իմ դպրոցը, երաժշտական կրթությունը ջազային է, սակայն ես մտածում եմ, որ ընտրել եմ հիթերի ինդիվիդուալ կատարումները: Ինձ գրավում էին տեմբրի գունավորումը, ձայնի հզորությունը և, իհարկե, մաշկիս փշաքաղումը (ժպտում է):
-Արդյո՞ք հեշտ է աշխատել ժյուրիի մյուս անդամների հետ: Եղե՞լ են ինչ-որ հարցեր կամ պահեր, որոնց հետ Դուք համաձայն չեք եղել:
-Շատ հետաքրքիր է միասին աշխատել: Ինձ միշտ էլ դուր են գալիս ուժեղ գործընկերները: Շատ բաներ են եղել… Դիտե՛ք մեր եթերը` «Հայաստանի ձայնը»!!!
Լուսանկարները՝ «Հայաստանի ձայնը» նախագծի արխիվից:














