Եթե դեռևս փետրվարի 21-ին կարելի էր հուսալ, որ որևէ դրական բան կարող էր ի հայտ գալ ժողովրդական արդարացի դժգոհության հերթական արտահայտումից, ապա փետրվարի 22-ին արդեն հասկանալի էր, որ այս շարժման ամենահավանական արդյունքը ժողովրդի ինքնության հետագա ապաբարոյականացումն է:
Անկնհայտորեն պարոն Հովհաննիսյանը նախագահ դառնալու հավակնությունն չունի՝ մի կողմ թողնելով Հայաստանի պես գազանանոցում կառավարելու կարողություն ու ընդունակություն ունենալ-չունենալու խնդիրը:
Իր խաղարկած սցենարը միայն մի եզրահանգման է բերում. նա Սարգսյանին առաջարկում է, որ վերջինս դառնա ստվերային նահագահ՝ իրեն զիջելով նախագահի տեսքով արտաքին գործերի նախարարի ֆունկցիա: Շատ հնարավոր է, որ նա սա անում է առանց հստակ պատկերացման կամ որոշման՝ ենթագիտակցական մակարդակի վրա:
Տպավորություն է ստեղծվում, որ նա այս մանկամիտ խաղն առաջարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանական գծից թատերականացված շրջադարձ և շրջադարձի ձևաչափ՝ միևնույն ժամանակ ցանկանալով «ապացուցել», որ իր արտաքին քաղաքական դիրքորոշման մեջ ինքը «ճիշտ» էր:
Հավանաբար նա համրում է, որ Տեր-Պետրոսյան-Լիպարիտյանական արտաքին-քաղաքական գիծն իրեն սպառել է (ավելի հավանական է, որ նա երբեք էլ չի հավատացել դրան), սակայն ոչ մի փաստարկ չի բերում ի պաշտպանություն իր առաջարկած գծի: Հարց կարելի է տալ, օրինակ, մի քանի ամպագոռգոռ արտաքին քաղաքական հայտարարություններից հետո իր առաջարկած հաջորդ քայլը ո՞րն է:
Երգիծանքն այն է, որ եթե Սարգսյանը հավատար Ռիչարդ Հովհաննիսյանի կամ ՀՀԴ-ի սցենարին, ինչի ջատագողն է Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա նա ինքը կիրականացներ այդ քաղաքականությունը՝ առանց բուտաֆորիական նախագահի օգնությանը դիմելու:
Սա կարճ ակնարկ էր պարոն Հովհաննիսյանի նախագահության արտաքին քաղաքական կոնցեպտուալ հիմնական առանցքին:
Ինչ վերաբերում է համապատասխան ներքին քաղաքական առանցքին, ապա կարծում եմ միայն մի փաստարկ բավական է այդ առանցքի լրջությունը գնահատելու համար. ինչպես երևում է, ընտրատարածքերի գրեթե կեսում Հովհաննիսյանը վստահված անձ ունենալու ռեսուրսը չուներ: Նա որտեղի՞ց է հայթայթելու երկիրը կառավարելու ռեսուրսը:
Կարելի է գուցե թյուրիմացության մեջ ընկնել ու ենթադրել, որ կառավարման ֆունկցիան նա կարող է դելեգացնել ուրիշներին՝ եթե հավատանք, որ այդ խնդրի իրականացման նրա հույսը Սարգսյանը չէ:
Բայց նման էքսպերիմենտ արդեն եղել է՝ ԼՏՊ-ն բացի արտաքին քաղաքականությամբ զբաղվելուց այլ բանի էական ախորժակ չուներ ու դելեգացրեց երկրի կառավարման ֆունկցիան Վանո Սիրադեղյանին, Վազգեն Մանուկյանին (վերջինս էլ Ժոկոյին ու Եսային), Վագեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանին .... Արդյունքը շատ պերճախոս է:
Ուզում եմ ավարտել պնդելով, որ, ցավոք, Հայաստանում երկրի կառավարման ու զարգացման ռեսուրս գույություն չունի: Սա արդեն այդպես էր 1990 թվականին: Միակ առկա ռեսուրսը Խորհրդային և ՀՀՇ-ական ժամանակներից ժառանգված և ինկուբացված ավազակապետական նոմենկլատուրան է, որը հեշտությամբ մի կուսակցությունից մյուսը անցնելու ճկունությունն ունի: Վերջին անցումն այդ ռեսուրսը կատարեց Վազգեն Սարգսյանի դեպի Հանրապետական կուսակցություն միգրացիայով: Եթե «Ժառանգություն» կուսակցությունը իշխանության գաշ ապա նույն զանգվածը մի գիշերվա ընթացքում կտեղախոխվի «Ժառանգություն» կուսակցություն և վերջինս այլընտրանք չի ունենա քան ընդունել նրանց:
Մի բան պետք է միշտ հիշել. առկա համակարգի հիմնական շինարարներից մեկը նախագահ Սարգսյանն է, և նա դեռևս կարողանում է այն, թեպետ ոչ լիովին, բայց այնուամենայնիվ ղեկավարել: Առկա քաղաքական դաշտում միայն նա է ի վիճակի այս համակարգը դնել նորմալ կառավարման հետագծի վրա՝ եթե ունենա այլընտրանքային հենարան:
Եթե իմ խորհուրդը որևէ արժեք ունենար, ապա ես կառաջարկեի Սայգսյանին ընձեռնել ու նրան նոր քաղաքացիական ռեսուրսի ստեղծման հնարավորություն առաջարկել՝ միայն թե այնպես, որ նորից մի խումբ մարդկանց կողմից սա շախմատի դաշտի զինվորները շարժելու չնմանվի այլ ներկայացնի իրական գործընթաց: Եթե կարելի է մի բանի վրա հույս դնել, դա նորաստեղծ երիտասարդական անկուսակցական քաղաքացիական շարժումներն են: Բայց դրանց տեսակարար կշիռ ստանալը տարիներ կպահանջի:
Քաղաքականությունը մշակույթից հոսանքն ի վար է: Հայաստանի առկա քաղաքական իրավիճակը հայկական կոռումպացված մշակույթի հետևանքն է: Հայաստանում նոր մշակույթ ստեղծելու հրամայական կա:
Երիտասարդական անկուսակցական քաղաքացիական շարժումները Հայաստանում նոր մշակույթի սկիզբ կարող են դառնալ:



