Շաբաթը զզվելու չափ քաղաքական ստացվեց, ինչը սպասելի էր,  քանի որ վերջապես հրապարակեցին կուսակցությունների այդքան սպասված նախընտրական ցուցակները, որոնք շատերին երկար ժամանակով դեպրեսիայի գիրկը գործուղեցին, որոշներին էլ հետ բերեցին:

Ստրեսի առաջին ալիքի մեղավորը ՀՀԿ-ն էր, իր բավական էքստրեմալ ցուցակով՝ բնապահպանների սիրելի Գագիկ Բեգլարյան, «բռնցքամարտիկ» Սուրիկ Խաչատրյան, ապա նաև մեր հին մոռացված, արդեն գրեթե նոր ընկերներով՝  Խոսրով Հարությունյանով, Հայկ Բաբուխանյանով ու Արտաշես Գեղամյանով: Երևի հասկանալով, թե ինչ շեդևր է արարել՝ ՀՀԿ-ն իր կազմած գոհարը միանգամից չհրապարակեց՝ այլ փուլերով, բայցևայնպես սա էլ ժողովրդին չփրկեց շոկից: Ֆեյսբուքցիների ուշադրությունից հատկապես չվրիպեց Չակ Նորիսից հետո իրենց երկրորդ ամենասիրելի մարդու՝ հայոց գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի`83-րդ տեղում հայտնվելը: Ճիշտ է, դժոխքի դարպասների համեմատ այս տեղը բավական լյուքսոտ է երևում, բայց դե համացանցային գրառումները մի բան էին ասում՝ Խաչիկ Ասրյան, բա դու 83-րդ տեղին էի՞ր արժանի…էհ, արդարություն չկա: 

 
Ապա ժառանգությունը, չցանկանալով հետ մնալ իր կոլեգայից, հանրությանը հրամցրեց Ազատ դեմոկրատների հետ իր ռոմանտիկ սիրո պտուղը, որում ազատ դեմոկրատների գեները քիչ մը շատ էին ստացվել: «Պատկերացրեք, որ պատրաստվում եք պոպոքի մուրաբա ուտել, մեկ էլ մեջը խառնած, ասենք, տժվժիկի կտորներ եք հայտնաբերում»,-ժառանգության ցուցակի այսպիսի պատկերավոր համեմատություն արեց հայտնի բլոգեր Shur Dabavog-ը:  ««Ժառանգության» միակ գրավիչ մասը նրա խմբակցությունն էր, որի մի մասը ակտիվ աշխատում էր, բայց ընդամենը մեկը 3-րդ տեղում հայտնվեց, մնացածը` 11-րդ, 12-րդ տեղում: Փաստորեն, սրանով «Ժառանգությունն» իր միակ ռեսուրսը, որ ուներ, չեզոքացրեց: Ես չեմ հավատում, որ նրանք կկարողանան մտնել խորհրդարան»,-սա էր թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Nadya Zakaryan-ի դիտարկումը:


Տեղի ունեցավ նաև ԲՀԿ համագումարը, որում բացի կարմիր գալստուկավոր լիքը պարապած բարգավաճականներից ու կոալիցիոն գործընկերոջից հետ չմնացող ցուցակից, աչք ծակեց նաև ԲՀԿ առաջնորդի՝ սարեր թնդացնող կարգախոսը՝ «Խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին»: Ճիշտ է «Հավատանք, որ փոխենք»-ին չհասավ, բայց անդրադարձով վերջինիս չզիջեց: Դու մի ասա Ծառուկյանի ճառագիրները նենց թեթև օգտվել էին Աթաթուրքի տեքստերից: Զարմացաք չէ՞: Ես պատկերացնում եմ Ծառուկյանն ինչպես է ռեֆերենտների վրա «զարմացել» իմանալուց հետո: 

 

 

 

 

 

Ի դեպ, ԲՀԿ ցուցակի մասին… այն նույնպես շատերի սրտով չէր: Այդ շատերի թվում էր հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ապագա ԱԺ ընտրություններին քցվածների նախընտրական ցուցակ, որը ինը կետ ուներ՝ 

1.Պետրոս Ղազարյան

2.Անդրանիկ Թևանյան

3.Մենուա Հարությունյան

4.Արմեն Մարտիրոսյան

5.Լիլիթ Գալստյան

6.Երվանդ Բոզոյան

7.Արարատ Զուրաբյան

8.Լարիսա Ալավերդյան

9.Հայ Ժողովուրդ

Ճիշտ է, Մենուա Հարությունյանը հետո երկար վիճում էր, թե այդ ինչո՞ւ է առաջին տեղը Ղազարյանին բաժին ընկել, բայց դա այդպես էլ չստիպեց նրան ցուցակը վերանայել:

Ապա ՀՀԿ ցուցակի 24-րդ տեղից ոգևորված Կարեն Ավագյանը ԲՀԿ համագումարը համեմատեց Թաթայի համերգի հետ, ինչը, եթե հավատանք ասեկոսեներին Ավագյանի վրա թանկ նստեց:

 

 

 

 

 

Տեղի ունեցավ նաև ՕԵԿ-ի «դդում փառթին», որին ափալ-թափալ հասավ նաև ՀՀ նախագահը՝ կոալիցիոն գործնկերոջ ձեռքը սեղմելու և համոզվելու, որ ՕԵԿ-ը կսատարի իրեն 2013-ին: Չգիտեմ Արթուր Բաղդասարյանի ճառերից էր, թե ՕԵԿ-ական առաքինի գաղափարների գերդոզավորումից, բայց  Նախագահը մի ֆենոմենալ հայտարարություն արեց՝ բնակչության շրջանում քաղաքական պոռնիկի համարում ունեցող ՕԵԿ-ի մասին ասելով, որ վերջինս ցույց է տվել, որ քաղաքականությունը բարոյականություն է: «Մենք գործ ունենք բարոյականության սահմանման մի նոր և այլընտրանքային տաբերակի հետ, որին մինչ այդ հասու չի եղել մարդկությունը,- այսպես մեկնաբանեց Նախագահի հայտարարությունը ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը:    

Ինչ վերաբերվում է ՀԱԿ ցուցակին, այն նույնպես առանձնապես օվացիաներով չընդունվեց: Կրտսեր Լևոնն էլ լծվեց ցուցակը պարզաբանելու ծանր և քրտնագեղձերի գերֆունկցիա առաջացնող գործին:

 

 

 

 

 

Այժմ մեծամասնականի մասին: Շաբաթը ակնհայտորեն բարի չէր Սամվել Ալեքսանյանի համար: Քիչ էր մնում լրագրողների հետ գրազ գար, որ 7-րդ ընտրատարածքում իր դեմ ոչ-ոք չի դնի, սակայն մի հոգու փոխարեն երկու ծանրքաշային նրան ձեռնոց նետեցին՝ Ռաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ վերջին փաստը բավական բուռն քննարկումների պատճառ դարձավ: ՀԱԿ համակիրները սկսեցին անդուլ մեղադրական ուղերձները ժառանգությանը՝ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին, թե այդ ինչո՞ւ նա այդքան ընտրատարածքից հենց 7-րդն ընտրեց, ապա նաև, թե որո՞նք էին այն գործոնները, որ ստիպեցին նրան Փաշինյանի դեմ առաջադրվել վերջինիս առաջադրումից 40 րոպե անց: Մեծամասնական առաջադրումների թեմայով հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամեանը իր ֆեյբուքյան էջում գրեց.  «Առանց էդ էլ կյանքը շաքար չէր, բայց, ի՞նչ է նշանակում Րաֆֆին առաջադրվել ա Նիկոլի տեղամասում, իսկ Ստեփանը Սաֆարյան Առուստամյան Գայանեի հետ նույն տեղում: Առաջին զույգը Լֆիկի, երկրորդը՝ Հայրապետյան Ռուբենի: Ավել բան չասեմ, հուսամ էս խայտառակությունը պատճաշ լուծում կստանա: Թե չէ արդեն պերեբոր ա լրիվ»: Ցավոք չիր դառանք՝ պատշած լուծմանը սպասելով:

Նախընտրական վերջին բոցը Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն էր պատկանում: Վերջինիս ընտրական ցուցակի 9-րդ հորիզոնականում հայտնվել էր ժառանգության թեկածուներից էլ ավելի անհայտ մեկը՝ Մետրոյի մեքենավար Երանոսյան Վարդանը: Ասում են պատգամավոր դառանալու դեպքում Վարդանը կուսակիցներին խոստացել է մետրոյով գործի տանել-բերել:Ճ «Նայում ես ու մտածում, որ մեր կուսակցությունները դեռ չեն հեռացել սովետական մտածելակերպից, երբ կոմունիստական կուսակցությունում պետք է լիներ, 1 կթվորուհի, 2 բանվոր, 2 ուսուցիչ, 1 հնձվոր, 1 մեխանիկ.. »,- այսպես արձագանքեց այս փաստին ֆեյսբուքյան օգտատեր Մարիա Սարգսյանը:

Ապա համացանցում հայտնվեց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում գործարար Սիլվա Համբարձումյանի և Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը, որի մասին արդեն ամսից ավել լսում ենք: «Լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել»-ը այս դեպքում ցավոք չաշխատեց, քանի որ այն գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը տկն Համբարձումյանը պատմում էր, իսկ լրագրողները բերանները բացած լսում, մեղմ ասած տարբերվում էր իրական տեսագրությունից: Չնայած եղածն էլ արդեն դատապարտելի է:

 

 

Համացանցին շոկի ենթարկեց Մարտի 18-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանցի դիպուկահարի կողմից մահացու վիրավորված գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանի մասին լուրը: Համացանցում անմիջապես մեծ աղմուկ բարձրացավ, իսկ կրքերը հանգստացնելու եկավ ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Զոհրապ Եգանյանի լուրը՝ «Գիշերը բավական ողբերգալի է եղել ադրբեջանցիների համար, մերոնք հերթական մորթն են արել ի պատասխան հայ սպայի սպանության»: Վրեժը լուծված է:

 

 

Քաղաքականապես ակտիվ շաբաթը հատկապես դիտարժան էին դարձնում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության պաշտոնական ներկայացուցիչները ֆեյսբուքում՝ Արմեն Աշոտյան, Պետրոս Ղազարյան և Ստյոպա Սաֆարյան տրիոն, ովքեր առիթը բաց չէին թողնում հարևանի բախչեն քար գցելու և միմյանց կծմծելու համար: Վերջիններիս փոխհրաձգություններին շունչները պահած հետևում էր ողջ համացանցը, իսկ առավել համարձակները մասնակցում էին, իրենց զորակցությունը հայտնելով այս, կամ այն կողմին: 

 

 

 

Վերջիններիս բանավեճերն էլ ավելի հետաքրքրացրեց բլոգեր Գագիկ Թերեմեզյանը իր՝ «Նոր հայկական առասպելներ. Քարոն Աշոտյանը և Անահիտի կիսանդրու վերադարձը» գրառմամբ, որտեղ ծաղրում էր հայաստանյան քաղաքական կյանքն ու պատմում մի երևակայական պատմություն, թե ինչպես է Աշոտյանը վերադարձնում Անահիտ Աստվածուհու կիսանդրին: Ով դեռևս չի հասցրել կարդալ այս պատմությունը, խորհուրդ կտամ կարդալ հետևյալ հասցեով:

 

 

 

 

 

 

 

Շաբաթվա ընթացքում պարզապես փայլեցին բլոգերներ Անկախ Հայաստանն ու Love My Soul-ը իրենց քաղաքական դեմոտիվատորներով, ովքեր ծիծաղելի վիճակում հայտնված քաղաքական գործիչներին էլ ավելի ծիծաղելի վիճակներում ներկայացրին: 

 

 

 

 

 

Ապա բլոգոլորտը, տո ինչի՞ միայն բոլոգոլորտը, ամբողջ հայությանը ցնցեց առաջին հայկական կավատ կայքի հայտնվելը: Զարմացաք չէ՞: Բա մենք ինչքան զարմացանք, երբ մարմանվաճառների սահմանած գները տեսանք: Ամեն դեպքում նովրուզի գալուստից ոգեշնչված կայքի հեղինակներին բախտ չվիճակվեց իրենց հասույթը հաշվել, քանի որ գործարկումից մեկ օր անց իրավապահ մարմինները այս մեգատնտեսագետներին պատասխանատվության ենթարկեցին: 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, մեգատնտեսագետների մասին: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախ համացանցին շլացրեց իր կոչումների բազմազանությամբ, ապա նաև իր բաց նամակ 3-ով, որում ձեռքի հետ ՀԱԿ առաջնորդին մեղադրեց երկիրը կործանման տանելու մեջ: Շաբաթվա ընթացքում Բագրատյանով չափից շատ հետաքրքրվողները պարզեցին, որ նախկին վարչապետի ներկայացրած տիտղոսներից շատերն իրականում գոյություն չունեցող են և մարդկությունը դրանց մասին երբևէ չի լսել: Ամեն դեպքում դժվար թե այս բացահայտումը Բագրատյանին զերծ պահի իշխանությունների հետ նամակագրական կապը պահպանելուց, որը վերջերս մի տեսակ միակողմանի է դարձել:

Արդեն մի քանի շաբաթ շարունակ BlogNews.am-ը Ձեզ է ներկայացնում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի՝ Մեծ պահքի օրերի խորհուրդները մեկնաբանող գրառումները: Ուրախ եմ, որ կրոնական նմանօրինակ գրառումները նույնպես իրենց ընդունումն են գտնում մեր ընթերցողների կողմից՝ քաղաքական, հասարակական և այլ թեմատիկայով գրառումների կողքին:

 

 

Շաբաթվա ընթացքում համացանցի ուշադրության կենտրոնում էր երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանը, ում «Ուվալնյատի օրը» գիրքը նրա նկատմամբ Ռազմական ոստիկանության հետապնդումների պատճառ է դարձել: Իշխանյանի համակիրները մեկը մյուսի հետևից հանդես եկան գրառումներով, որոնք այս հարցին էլ ավելի հնչեղություն հաղորդեցին: Վերջիններիս թվում էր գրող Վահե Բուդումյանը ում գրառումը BlogNews.am-ում բավական դրական արձագանք գտավ և հուսով եմ մեկ քայլով մոտեցրեց դեպի պատմության վերջնական հանգուցալուծումը: 

Շաբաթվա վիդեոն «Ինչու եմ ընտրում Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀԱԿ-ին» վիդեոն էր, որը չնայած շատ ՀԱԿ ակտիվիստների կողմից որպես դասական ցինիկություն որակվեց, այնուամենայնիվ, բավական մեծ աղմուկ բարձրացրեց:  

 

 

 

 

 

Շաբաթվա կարևորագույն իրադարձություններից էր Չինաստանի ժողովրդական հանրապետության կողմից Հայաստանին նվիրաբերված 249 քաղաքային ավտոբուսների երթուղի դուրս գալը, ինչը, կարծում եմ, զգալիորեն կթեթևացնի մեր մայրաքաղաքի տրասպորտային խնդիրները, իսկ բնակչության մի ստվար հատվածին զերծ կպահի իշիազ կոչվող հիվանդությունից:  Միշտ կողմ եմ եղել համացանցային քննարկումներին և համարել եմ, որ հենց կոնստրուկտիվ քննարկումներն ու համացանցում բարձրացված խնդիրներն են, որ շատ հարցեր այսօր իրենց լուծումն են ստանում: Բայց այս դեպքում բնավ չեմ հասկանում այն բլոգերներին, ովքեր սովորույթի համաձայն սկսեցին բողոքել, երբ քաղաքապետարանը ինչ-որ քայլ արեց: Ավտոբուսների գույնը լավը չի, ձևը լավը չի, նստարանների պլաստմասայից են, հարմար չեն…Լավ էլի… Դուք քաղաքապետ կլինեք, կխնդրեք Ձեզ ավելի լավը կնվիրեն, իսկ մենք սրանից էլ գոհ նեք:

Եվ իհարկե շաբաթվա կուլմինացիան ժամերի խախտվելն էր, ինչը կիրակի օրը հարամ անելու հնարավոր լավագույն տարբերակն էր: 

Հաճելի շաբաթ եմ մաղթում!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել