Հայտնի է, որ նոյեմբերի 12-ից 18-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի են ունենալու լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց նպատակը զորքերի համակարգի ստուգումն ու դաշտային պայմաններում զենքի տիրապետման ստուգումն է։ Հայտնի է նաև, որ այդ զորավարժություններին մասնակցելու են թվով 60.000-ից ավելի զինվորական ծառայողներ, հինգ տասնյակին հասնող մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, 150 տանկային միավորներ և այլն։
Հարցն այն չէ, որ Ադրբեջանը հերթական անգամ «աքլորացել» ու զորավարժություններ է սկսել։ Հարցն այն է, որ այս երկիրը համառորեն չի ուզում կամ չի կարողանում հասկանալ, որ ունի միջազգային պարտավորություններ, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի համանախագահների դրույթներում։ Այն է՝ եթե զորավարժությունը տեղի է ունենում 9000 հոգուց ավելի կազմ ունեցող մարտական միավորների առկայության պարագայում, ապա դրա մասին պետք է տեղյակ պահվել Մինսկի խմբին։ Դա, իհարկե, տեղի չի ունեցել, և Ադրբեջանը Համբուրգում երկու երկրների արտգործնախարարների միջև սպասվող հանդիպմանն ընդառաջ կարծես թե նորից փորձում է իրավիճակ սրել սահմանին։ Արդեն պարզից էլ պարզ է, որ Վիեննայի պայմանավորվածությունները ինչպես կային, այնպես էլ մնացին սեղանների վրա։ Այնպես չէ, որ հայկական կողմը, լավ իմանալով հարևան երկրի արկածախնդիր պահվածքը, պետք է հույս դներ այդ պայմանավորվածությունների ի կատար ածման վրա, սակայն Արտաքին գործերի նախարարությունը, ՊՆ-ն գոնե ինչ-որ կերպով պետք է արձագանքեն ու դիվանագիտական խողովակներով միջնորդներին հասկացնեն, որ մտադիր չեն հանդուրժել այսպիսի կամայականություններ։ Ի վերջո, 2014 թվականին, երբ հայկական զինված ուժերը սահմանային զորավարժություններ էին անցկացնում, ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային պարտավորությունները, խոցեց հայկական ուղղաթիռներից մեկը, որի արդյունքում հայկական կողմը տվեց 3 զոհ։ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Այս ամենը ակնհայտ է ոչ միայն հայկական երկու պետությունների համար, այլև հայ հանրության։ Այլևս ապրիլյան դեպքերի կրկնություն մենք մեզ թույլ տալ չենք կարող, սակայն դա չի նշանակում, որ քաղաքական շրջանակներում պետք է հանդուրժել Ադրբեջանի կամակորությունները։ Հուսանք, որ Հայաստանի ԱԳՆ կարձագանքի այս դեպքին և միջազգային հանրությունը թեկուզ ոչ ֆորմալ, սակայն համապատասխան խողովակներով կզսպի Ադրբեջանի ռազմական ախորժակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել