Image result for սահմանադրությունԻշխանությունների էս նախաձեռնությունը՝ քողարկված բարի նպատակներով (սոցիալական աջակցություն՝ զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին), նախատեսվող մեխանիզմով խարխլում է պետականության հիմքերը։ Սարգսյանական սահմանադրության ընդունումից մի տարի էլ չի անցել, իսկ իշխանությունը սկսել է ոտնահարել իր իսկ գովերգած ու անցկացրած սահմանադրությունը, որն ամրագրում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականության եզրը։ Սահմանված հարկերից ու տուրքերից (վերջինս՝ հանրային առանձին ծառայությունների դիմաց պարտադիր վճարներ են, որոնք կատարում են դրանցից օգտվողները) բացի՝ պետությունը իրավունք չունի այլ գումարներ հավաքելու քաղաքացիներից հարկադրաբար։

Ենթադրում եմ, որ նախաձեռնության հեղինակները կզարմանան, թե որքան ընդհանուր եզրեր կան իրենց գաղափարի և Danegeld-ի (դանիական փողեր) կամ Scutage-ի (վահանի փողեր) ինստիտուտի միջև։ Ու եթե Danegeld-ը վերջին անգամ հավաքագրվել է 1194-ին (վերջինը, ով հավաքել է էդ փողերը, Ռիչարդ Առյուծասիրտն էր), իսկ Scutage-ը վերացրեց Էդուարդ Գ-ն՝ դեռ 1340-ին, ապա մերօրյա ֆեոդալները փորձում են վերակենդանացնել վաղուց մոռացված ավանդույթը։

Էսպես երկիր չեն կառավարում, պարոնա՛յք և տիկնա՛յք։ Դռայվն ու իշխանությունը նրա համար չեն, որ ղեկը հարբած անչափահասի պես շրջեք աջ ու ձախ, երկրի մեքենան զարկեք պատեպատ ու վերջում գլխիկոր բանալիները հետ տաք «պապային»։ Փորձեք դասեր քաղել աշխարհի լավագույն փորձից, ոչ թե միջնադարից, չէ՞ որ մորթիներ չեք հագնում, այլ կոստյումներ, ձիով չեք շրջում, այլ մեր գրպանից վճարվող թանկարժեք մեքենաներով։ Լուծումներ մի՛ փնտրեք միջնադարում, քաղաքական, տնտեսական, սոցիալական գիտելիքը վաղուց առաջ է գնացել։ Մեր հարկի հավաքարարը առնվազն երեքից ավելի լավ լուծում կարող է առաջարկել, կարող եք հարցնել իրենից։ Ու ընդհանրապես, քաղաքացուց փորձեք հարցնել, թե ինչ լուծումներ է տեսնում իր գրպանի հաշվին, որովհետև դուք ակնհայտորեն հասարակ քաղաքացուց ավելի գրագետ լուծումներ տալու ի վիճակի չեք։

Մի՛ մտեք մարդկանց գրպանը՝ հերթական անգամ գումար քերելով կամ մուրալով։ Ձեր անկարողությունն ու անգիտությունը մի՛ թաքցրեք հայրենասիրական բառակապակցությունների հետևում՝ կոռուպցիայի, անգրագիտության ականջները, միևնույն է, էդ արտահայտությունների հետևից էլ երևում են։ Կառավարեք հանրային գումարները արդյունավետ, դրանք նախատեսված են համապետական խնդիրներ լուծելու համար, ոչ թե մսխելու։ Դրանք «ձեր փողերը» չեն, դրանք հենց էն «դանիական փողերն» են, որոնցով հարկավոր է հոգալ պետական կառավարման, պետական քաղաքականության իրականացման ծախսերը։

Հենց էդ գումարներով է անհրաժեշտ լուծել խնդիրները։ Եթե գումարները չեն հերիքում, փորձեք բարձրացնել հարկերը, սեփական քաղաքական ռեսուրսով ու վստահությամբ, եթե ունեք։ Կոնկրետ խնդիրների համար ազգովին գումար քերելու կամ մուրալու չի լինի էդ դեպքում...

Հակառակ պարագայում, ինչպես մեր հաշվապահն է ասում, բնապահպանության նախարարությունը կարող է հանդես գալ կտրված ծառերի վերականգնման համար անհրաժեշտ հիմնադրամին յուրաքանչյուր աշխատողից 300 դրամ հարկադրաբար գանձելու, իսկ գյուղնախը՝ ֆերմերներին ապահովագրելու հիմնադրամին յուրաքանչյուր աշխատողից 745 դրամ գանձելու նախաձեռնությամբ։ Մի՛ բացեք ֆեոդալական Պանդորայի արկղիկը, իսկ ավելի լավ է՝ գնացեք սովորելու։

© ՀՀ սահամանդրական կարգի երաշխավորը տնից դուրս է եկել ու չի վերադարձել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել