Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին` նրանց անցած ճանապարհը, իրականացրած գործունեությունը։ Ներկայացնում ենք պատգամավորին՝ տարբեր տեսանկյուններից։
Այս անգամ ներկայացնում ենք ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին:
Հարություն Ղարագյոզյանը խորհրդարանի ամենահին պատգամավորներից է և հայտնի է «Կարամելի Հարութ» մականվամբ:
Հարություն Ղարագյոզյանին կարելի է ներառել «Գինեսի ռեկորդների» գրքում, որովհետև որքան էլ զարմանալի թվա, բայց նա ոչ մի անգամ խորհրդարանում ելույթ չի ունեցել:
Վերջինս բավականին հարուստ և ազդեցիկ գործարար է, նրան է պատկանում «Սուիթ Լենդ» շոկոլադի գործարանը: Պետք է նշենք նաև, որ նա միշտ կողմնակից է եղել ՀՀԿ-ին, սակայն հետաքրքրականն այն է, որ այս անգամ նա խորհրդարան մտավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:
Հարություն Ղարագյոզյանը խորհրդարան է մտել դեռևս ՀՀ ԳԽ 1990թ. մեծամասնական ընտրակարգով և եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ:
1999թ. ևս խորհրդարան է մտել մեծամասնական ընտրակարգով, սակայն մեկ այլ ընտրատարածքից և այդ ժամանակ եղել է «Միասնություն» խմբակցության անդամ:
2003թ. ևս նա պատգամավոր ընտրվեց մեծամասնական ընտրակարգով, սակայն այդ ժամանակ վերջինս ՀՀԿ խմբակցության անդամ էր, իսկ 2012թ. նա պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով:
Հարություն Ղարագյոզյանը ԱԺ-ի ամենաանպարտաճանաչ պատգամավորներից է, 5-րդ գումարման խորհրդարանական նիստերից նա բացակայել է 51 անգամ:
Ըստ parliamentmonitoring.am կայքի, այս ամիսների ընթացքում նա հանդես չի եկել ելույթներով և հարցադրումներով:
Ստորև ներկայացնում ենք Հարություն Ղարագյոզյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1959թ. մայիսի 1-ին Երեւանում:
1986թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:
1985-1990թթ. «Հայխողովակառ» վարչությունում աշխատել է տնտեսագետ, բազայի տնօրեն, 1992-1993թթ.՝ «Հայմետաղառ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1993-1995թթ.՝ Երեւանի հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկայի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայհրուշակ» ԲԲԸ նախագահ:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ:
1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 12 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Հարություն Ղարագյոզյանը անշարժ, շարժական և թանկարժեք գույք, արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի:
Հաշվետու տարվա եկամուտը` 3 մլն 325 հազ. 910 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 22 մլն ՀՀ դրամ և 100 հազ. ԱՄՆ դոլար:
Slaq.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել