Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանն իր անհամաձայնությունն է հայտնում ընտրություններում գրանցված արդյունքների վերաբերյալ ու հանրահավաքային պայքար տանում, ժամանակն է մի փոքր հետ նայել՝ գնահատելու անցած ընտրություններն ու գրանցված արդյունքների հիմնական պատճառները:

Չնայած այն հանգամանքին, որ այս ընտրություններում նկատվեցին որոշակի դրական միտումներ, պետք է արձանագրել, որ մի շարք խնդիրներ, որոնք նախորդ ընտրություններում արձանագրվում էին, այնուամենայնիվ, կրկնվեցին նաև այս անգամ: Ճիշտ է՝ որոշ միջադեպեր պաշտոնապես չգրանցվեցին ընտրատեղամասային գրանցամատյաններում, սակայն մամուլում հայտնվեցին նյութեր, տեսանյութեր, որոնցում մատնանշվում էին ընտրակաշառքների, ուղղորդումների և լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին: Դժվար է միանգամից հետևություններ անել, մանավանդ, որ դրանք այս պահին ոստիկանության ուսումնասիրության տիրույթում են: Սակայն հաշվի առնելով ընտրությունների ընթացքում արձանագրված տարաբնույթ խախտումները՝ անհրաժեշտ է փաստել, որ ֆիքսված ընտրախախտումների թիվը էապես չի կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա: Այն, ինչ կարելի էր ֆիքսել ականատեսի աչքով, որոշ ընտրատեղամասերի դիմաց «թաղի տղերքի» կուտակումներն էին:

Միաժամանակ պետք է փաստել, որ այս բացասական երևույթները, որոնք մշտապես տեղ էին գտնում ընտրական գործընթացներում, բավականին արագ կորցնում են «իրենց դիրքերը»:

Ընտրական գործընթացի հետ կապված միջազգային դիտորդների գնահատականները ևս բավականին դրական էին, սակայն մեր հասարակության համար շատ ավելի կարևոր է ընտրություններից հետո հաստատվող մթնոլորտը:

Այսօր հասարակության մեջ քննարկվող ամենաակտուալ հարցադրումներից մեկը հետևյալն է. ինչպե՞ս Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն հավաքեց, և ինչո՞ւ մի շարք մեծ քաղաքներում ՀՀԿ-ն ձախողումներ արձանագրեց:

Պետք է փաստել, որ ՀՀԿ-ն հիմնականում ձախողեց այն ընտրատեղամասերում, որոնց պատասխանատուները կա՛մ հասարակության մեջ վարկաբեկված մարդիկ էին, կա՛մ «տեղական իշխանիկներ»: ՀՀԿ-ն ձախողվեց այն քաղաքներում, գյուղերում, որտեղ համայնքի ղեկավարները ՀՀԿ-ականներ էին, սակայն նրանց աշխատանքը ժողովուրդն անարդյունավետ է գնահատում: ՀՀԿ-ն պարտվեց այնտեղ, որտեղ տեղական կառույցներն այս տարիների ընթացքում ընտրողների հետ աշխատելու փոխարեն զբաղված են եղել «գռփելով», իսկ ընտրությունների օրը փորձել են մարդկանց «վստահությունը» շահել փողով, աշխատանքի գայթակղությամբ կամ ահաբեկմամբ: Եվ վերջապես ՀՀԿ-ն ընտրախախտումների հետ կապված ձախողումներ ունեցավ այնտեղ, որտեղ իշխանությունների` ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մեսիջը չէր ընկալվել տեղի իշխանությունների կողմից: Ընտրողները շատ դեպքերում իշխանությանը դեմ էին քվեարկում ոչ թե այն պատճառով, որ դեմ էին գործող նախագահի արտաքին կուրսին կամ ներքին քաղաքականությանը, այլ որովհետև տարբեր համայնքներում երկրի իշխանությունների կողմից պաշտպանվող համայնքապետերն իրենց գործունեությամբ, վարքով, կերպարով չեն ծառայում իրենց համայնքին ու քաղաքացուն:

Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքի արդյունավետությունն այլևս մոտ է 0-ի, և դա է պատճառը, որ այն «արջի ծառայություն» մատուցողները, ովքեր իրենց հույսը դրել էին նրա վրա, որ տարիներով կարող են պարապ-սարապ ման գալ, իսկ հետո փողով կամ այլ կերպ «ձայն գնել», քվեարկության օրը տապալվեցին: Այս ընտրությունների արդյունքը ցույց տվեց, որ այն չինովնիկները, ովքեր այս տարիներին հաջողացրել են իշխանության ղեկին մնալ միայն այն պատճառով, որ ընտրություններին հաղթանակ են ապահովել, այլևս տեղ չունեն ո’չ հասարակության, ո’չ էլ իշխանությունների շարքերում: Անշուշտ իշխանությունների պայքարի ուղղություններից մեկը պետք է լինի «արջի ծառայութուններ» մատուցողների բանակը ամեն գնով արմատախիլ անելը` շեշտը դնելով կուսակցական կառույցների առողջացման ու զարգացման վրա:

Ակնհայտ է` հասարակությունն իր պահանջների նշաձողը բարձրացրել է: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունն այնքան ուժ ունի, որ նույնիսկ ուղղորդումների դեպքում իր թեկնածուի ընտրության հարցն ինքնուրույն է որոշում:

ՀՀԿ-ի թեկնածուն, ԿԸՀ-ի արդյունքների համաձայն, ավելի քան 58 % ձայն հավաքեց, սակայն Ր. Հովհաննիսյանի հավաքած ձայների քանակը ցույց է տալիս, որ հասարակության մեջ մոտ կես միլիոն մարդ դժգոհ է եղել նախորդ 5 տարիներին իրականացված քաղաքականությունից, ինչն իշխանություններն անպայման պետք է հաշվի առնեն: Ստեղծված իրավիճակը հուշում է, որ իշխանությունները պետք է արմատական փոփոխությունների գնան (այդ թվում` կադրային, որակական), որը ոչ միայն թույլ կտա համակարգը զերծ պահել ճգնաժամից, այլ որ ամենակարևորն է՝ բավարարել հասարակության պահանջները: Դեռևս նախընտրական քարոզարշավի օրերին գրառումներիցս մեկում նշել էի, որ ով էլ նախագահ ընտրվի՝ պետք է արմատական փոփոխությունների գնա, քանի որ դա է հասարակության հիմնական պահանջը:

Րաֆֆու ֆենոմենը նրանում է, որ նա ի վիճակի եղավ որոշակի առումով միավորելու բողոքական զանգվածը: Եվ ամենևին պետք չէ որևէ ձևով նսեմացնել նրա հաջողությունները: Ավելին, Րաֆֆու պայքարը ինչ-որ առումով օգնեց իշխանություններին` արձանագրելու այն խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել