Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո ներքաղաքական իրավիճակը ամբողջական փոփոխություն է կրել: Փոփոխվել կամ ամբողջովին իմաստազրկվել են ոչ իշխանական դաշտում գործող ուժերի տակտիկական մոտեցումները:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը քայլեր է իրականացնում, որոնք ոչ միայն նոր սպասումներ են առաջացնում, այլ նաև արագ արդյունք են գրանցում, ինչպես օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի սակագնի հարցում եղավ։ Արդեն ակնհայտ է, որ հունվար-փետրվար ամսին դրանց գները կնվազեն, ընդ որում՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի և որոշ բիզնես ուղղությունների համար դրանք բավականին էական են:
Քաղաքական դաշտում բարդ իրավիճակ է ստեղծվել այն ուժերի համար, որոնք առանց այդ էլ լուրջ ռեսուրսների չէին տիրապետում ու նրանց միակ քիչ թե շատ հարձակվողական պաշարը կրկնվող թեզերն էին երկրի կործանման ու արմատական փոփոխությունների մասին, ինչի հարցում, ըստ էության, նոր կառավարությունը «վետո իջեցրեց»:
Առաջիկա ընտրությունները ստուգատես են բոլորի համար, ընդ որում՝ դրանք շատերի համար քաղաքական արենայից վերջնական դուրս մղվելու հետևանք կունենան: