Դեմոկրատական հայտարարված իշխանության գոյության համար ամենավտանգավորը ընդդիմության բացակայությունն է: Ընդդիմությունը հենց այնպես, առանց պատճառ չի առաջանում: Որպեսզի ընդդիմություն ծլի, դժգոհության ալիք է պետք և գոնե մի քիչ աղքատություն: Բայց մի քիչ: Երբ այն չափն անցնի, կսկսի գործել, կձգտի փոփոխության: Այդ փոփոխությունն էլ ի վերջո կարող է հանգեցնել հեղափոխության: 
Երբ երկիրը ղեկավարում են հարուստները, և երկրում աղքատություն է, աղքատները հեղափոխություն են ուզում, որպեսզի պաշտոնների վերաբաշխում կատարվի, և իրենք էլ հարստանան:
Հեղափոխությունն այն դեպքն է, երբ սկզբում ասում են՝ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, իսկ վերջում` որ ժողովուրդը պետք է ենթարկվի իշխանությանը:
Իշխանության քննադատությունը դեռ հեղափոխություն չէ: Նույնիսկ իշխանափոխությունը, շատ դեպքերում, հեղափոխություն չէ: Եթե հին իշխանությունը անցյալում խաբել է, պետք է զգուշանալ ոչ թե անցյալից, այլ նորացվածից, որպեսզի ապագայում չխաբվել: 
Ուրեմն՝ եթե ընդդիմություն չկա, իշխանությունը պետք է նրան ստեղծի, եթե արդեն կա, պետք է ակտիվացնի, եթե ակտիվ է, պետք է նրա գործողություններն ուղղորդի դեպի իշխանափոխության և... կուլ տա: 
Այսպիսով` հեղափոխություն հնարավոր է միայն կամ արտաքին ուժեղ միջամտության կամ ներքին ինքնուրույն հնարավորությունների առկայության դեպքում: 
Իշխանության մեջ օլիգարխների տգիտությունը այդ հնարավորությունն է, բայց դա իշխանության համար թերություն չէ, և կարող է դառնալ նույնիսկ առավելություն, երբ հեղափոխությունը զոհեր պահանջի: 
Հեղափոխությունը բերում է ավերածությունների և այն կարելի է կատարել ցանկացած երկրում, եթե իհարկե նրա տերերն իրենց երկիրն այլևս չեն ափսոսում, և կատարողները նրանք են, ովքեր քաղաքանությամբ զբաղվելու ժամանակ չունեն: Նման հեղափոխության հնարավոր հաղթանակը կարող է ավելի վտանգավոր լինել, քան անհնար թվացող պարտությունը: 
Հեղափոխությունն ի զորու է ժողովրդին տալ այն, ինչ խոստանում է, բայց դրա դիմաց նրանից խլել այն ամենը, ինչ դեռ մնացել է:
Ստացված վիճակին բնորոշ է, որ կա՛մ օլիգարխները պետք է կործանեն ժողովրդին, կա՛մ ժողովուրդը՝ օլիգարխներին: Եթե ներքին քաղաքականության մեջ դա կարող է ընդամենը մեկնումեկի համար հաղթանակ արձանագրել, ապա ոչ ցանկալի զարգացումների ժամանակ արտաքին քաղաքականության տեսակետից այն կարող է դառնալ վերջնական պարտություն կողմերից միայն մեկի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել