Image result for ՀՀԿՔաղաքական թիմի աջակցության լեգիտիմացման պահը

Ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ քաղաքական կյանքը Հայաստանում գնալով ակտիվանում է: Դա երևույթ է, որը բնորոշ է բոլոր պետություններին ու բոլոր տեսակի հասարակություններին՝ անկախ քաղաքական մշակույթից ու պատմականորեն ձևավորված ինստիտուտներից: Տարբերությունն ավելի շատ այդ քննարկումների օրակարգի ու ոճի մեջ է:

Ինչ եղանակով և ինչ օրակարգ է ձևավորվում, ու ովքեր և ինչպես են բանավիճում: Բովանդակային քննարկումների բաղադրիչը այսօրվա մեր քաղաքական կյանքում, թերևս, ցանկալի չափերի դեռ չի հասել, ու գերիշխող է մնում բամբասանքախառը, իրականության ու դեպքերի աղավաղված քննադատությունը: Բայց ընդունենք՝ դա էլ է ժամանակի խնդիր:

Թեև այսօրվա բազմազան խնդիրների հրատապության պարագայում այդ ժամանակը մենք չունենք, ու կառավարության ծրագրերի բովանդակային ու լայն հասարակական քննարկումն առավել քան անհրաժեշտ է: Մինչդեռ պետք է նկատել, որ հասարակության ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցության խնդրի վրա: Արդյո՞ք սա այն կարևորագույն խնդիրն է, կամ արդյո՞ք դրանով կարելի է պայմանավորել կառավարության արդյունավել կամ ոչ արդյունավետ գործունեությունը:

Եթե հատկապես հաշվի ենք առնում հաճախակի հնչող այն հայտարարությունները, թե կառավարությունը իշխող կուսակցության կառավարությունն է, պարզ է դառնում, որ կուսակցության անդամակցությունը դառնում է ֆորմալ բնույթ կրող զուտ քաղաքական ակտ, որը կառավարության ծրագրերի արդյունավետության հետ բնավ կապ ունենալ չի կարող: Բայց մյուս կողմից՝ կարող է կարևորվել վարչապետի լծակների ուժեղացման տեսանկյունից: Քանի որ քաղաքական գործընթացներում կան մի շարք հարցեր, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն ի պաշտոնե վերապահված լծկների գործադրում, այլև կուսակցական, զուտ քաղաքական ամուր հենարան ու քաղաքական սեփական թիմի ակտիվություն:

Այս առումով քաղաքական գործընթացները կարծես տրամաբանական ընթացք են ստանում: Քանի կառավարության գործունեությունը լայն թափ է հավաքում ու առնչվում է ՀՀ-ում տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն ունեցող անձանց շահերին, քանի այդ առնչությունները վերածվում են հակասությունների, այնքան քաղաքական թիմի անհրաժեշտությունը դառնում է օրվա խնդիր: Գուցե այս ամենով էլ պայմանավորված է վարչապետ Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության մասին լուրերի ակտիվացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել