Շատ հատկանշական է, որ հայաստանյան ներքաղաքական, ավելի ճիշտ կլինի ասել՝ քաղաքացիական հասարակության մի ակտիվ հատված, որն, ի դեպ, հուլիսյան դեպքերի ժամանակ իր աջակցությունը հայտնեց Սասնա ծռերին, ԱՄՆ նախագահական ընտրություններում սկսել է նախապատվություն տալ Դոնալդ Թրամփին՝ նրան համարելով ոչ թե, այսպես կոչված, «Ռուսաստանի մարդ», այլ մեկը, ով պարզապես վեր է կացել ծանր տեղից ու ձեռքը խփելով սեղանին՝ «ռեժիմին» ասել՝ այլևս հերիք է։ Եվ սա այն դեպքում, երբ Հիլարի Քլինթոնն ունի իր ակնհայտ հակառուսական դիրքորոշումը, որը, ըստ տրամաբանության, պիտի որ ոգևորեր նշյալ զանգվածին։ Այսպիսով՝ Թրամփին ներկայացնելով որպես այլընտրանք՝ կարծես թե կա միտում նրանից հերոս կերտելու՝ իրենց խառնվածքին համապատասխան։ Թրամփն էլ է սկանդալիստ, Թրամփն էլ սիրում է հրահրել խժդժություններ, իրենց մտածելակերպով ոչ ստանդարտ որոշումներ ընդունել ու մերժելով սրբազան հինը՝ բերել փոփոխություններ։ Հատկանշական է սակայն, որ նրանցից շատերը այսպես են գնահատում իրավիճակը ոչ թե Հայաստանից, այլ լինելով ԱՄՆ-ում՝ դե, բնականաբար, ինչ-որ չափաբաժին թողնելով նաև Հայաստանում։
Նախ սկսենք նրանից, որ Դոնալդ Թրամփը քաղաքական գործիչ չէ։ Նրա կողմնակիցների մեջ նույնպես շատ են մարդիկ, ովքեր նախկինում որևէ կապ չեն ունեցել քաղաքական գործընթացների հետ։ Եվ հանգամանքների բերումով այս մարդիկ հայտնվել են աշխարհի ամենահզոր պետության նախագահի թեկնածուի կողքը և միգուցե, այո՛, միատոն ամերիկյան հասարակությանը իրենց քայլերով որոշակի երանգ են հաղորդում, սակայն մեծ հաշվով՝ դա իրենց ուժերի մաքսիմումն է։ Ավելին՝ նրանք ուղղակի չեն կարող, որովհետև Թրամփի ընտրությունը սպառնում է խախտել ամերիկյան քաղաքականության հիմնական դոկտրինը՝ աշխարհի առաջին գերտերության պատիվը։ Այդ է պատճառը, որ քաղաքական բարձր էլիտաները ամեն դեպքում հակված են Քլինթոնի նախագահ դառնալուն, թեպետ այնպես չէ, որ վերջինս բացարձակ սիմպատիա ունի։
Ինչ մնում է հայկական շրջանակների ակտիվությանը, ապա արևմտամետ սեգմենտը պետք է որ ինտենսիվ կերպով աջակցեր Քլինթոնին, ու թեպետ այս անգամ նախագահի երկու թեկնածուներից և ոչ մեկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում չի տվել, սակայն կա մեկը, ով ակնհայտորեն բացասական վերաբերմունք է արտահատել կայսերական Ռուսաստանի նկատմամբ։ Սա արդեն պիտի որ «ակտիվիստական շրջանակների համար» Թրամփին հայհոյելու ցուցիչ լիներ, սակայն արի ու տես, որ այստեղ էլ քայլերը զուրկ են տրամաբանությունից։