Հարգելի ընթերցող, շատերիդ մոտ այս հոդվածիս վերնագիրը կարող է զարմանք առաջացնել, թե ինչու եմ այս վերնագրում ավելացրել ՕԵԿ-ի առաջնորդ` անվտանգության խորհրդի քարտուղար` Արթուր Բաղդասարյանի անունը: Սակայն զարմանալ պետք չէ, քանզի իր կուսակցության անունից սկսած (Օրինաց Երկիր) և վերջացրած իր զբաղեցրած պաշտոնով (Անվտանգության խորհրդի քարտուղար), ինչպես նաև գումարած վերջինիս կամայական հատկանիշները նպաստում է այս գործչին ներգրավելու այս բարդ գործընթացում: Եվ պետք չէ մոռանալ, որ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է: Այն, որ Սերժ Սարգսյանը օրերից մի օր պետք է գնա այս քայլին, ես չեմ կասկածում, այն, որ չնայած տարբեր կարծիքների, Ա. Բաղդասարյանը այս ազգանպաստ գործընթացում հաճույքով կանգնած կլինի նախագահի կողքին դա նույնպես չեմ կասկածում: Այստեղ ինձ ավելի շատ հետաքրքրում է, երբ ՀՀ նախագահը կգնա այդ քայլին: Չ1՞ որ նա բոլորից լավ է հասկանում, որ`
• Երբ չարքաշ աշխատանքով մի կերպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացին տեսնում է, թե ինչպես է իր գյուղապետը անկապ հարստանում, ապա նա մեխանիկորեն սկսում է ատել իշխանություններին` ի դեմս Սերժ Սարգսյանի: (Այս վերոհիշյալ տողերս, ինձ թվում է, մեկնաբանության կարիք չունեն):
• Երբ օլիգարխի մոտ աշխատող քաղաքացին ստանում է այնքան աշխատավարձ, որ այնումենայնիվ աշխատելով մնում է անապահով, իսկ դրան հակառակ անօրինական ճանապարհներով օր օրի հարստացող իր գործատուն ընդլայնում է իր բիզնեսը (չնայած ըստ խոշոր հարկատուների` հաշվետվության ցանկում տեղադրված վիճակագրական տվյալների նա ոչ թե պետք է ընդլայնվեր, այլ լուծարվեր, քանզի, եթե նայում ես կեղծված համախառն արտադրանքի ծավալները, ապա մտածում ես, որ նրանք այս ծավալների պարագայում ոչ թե դղյակներ պետք է գնեին իրենց համար, այլ հազիվ հոգային աշխատավարձների ֆոնդը…): Նա ակամայից սկսում է ատել ՀՀ կառավարությանը, քանզի նա իր վերահսկողական մեխանիզմներով ոչինչ չի անում կանգնեցնելու հարկերից խուսափելու գործընթացը:
• Երբ սովորական քաղաքացին տեսնում է, թե ինչպես է անտեսվում ՀՀ նախագահի «ատկատների մասին» ելույթը, նա ավտոմատ կորցնում է իր հավատը ՀՀ նախագահի հանդեպ:
• Երբ քաղաքացին տեսնում է, որ դատաիրավական համակարգը իր ամբողջ կատարողականների առանցքը կառուցում է մանր հանցագործության վրա, նա ակամայից սկսում է ատել նույն Սերժ Սարգսյանին, քանզի դատաիրավական համակարգը ամբողջությամբ նրա վերահսկողության տակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել