Վերջին օրերին նայելով հանրահավաքների, երթերի լուսաբանությունները, տեսնելով ոստիկանության եւ հանրահավաքների, երթերի կազմակերպիչների՝ հատկապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը եւ բարեկիրթ վերաբերմունքը հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների նկատմամբ, ես պարզապես հիացած եմ...
Ուրախալի է, որ չկա 2008 թվականի լարվածությունը, թույնը, ագրեսիան, ջարդելու, փշրելու կոչերը: Ես հույս ունեմ, որ այսուհետ եւս Րաֆֆին, նրա կողքը կանգնած կուսակիցներն ու համախոհները կանեն ամեն ինչ, որպեսզի երկրորդ մարտի մեկ չունենանք...
Այն վստահության մթնոլորտը, որ կարծես Մաշտոցի պուրակից հետո ստեղծվել էր ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ, հարկավոր է շարունակել, զարգացնել: Հատկապես շարունակել փոխադարձ շփումները, հանդիպումները եւ բանակցությունները...
Հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի բարեկրթությունը, ողջախոհությունը, հավասարակշռվածությունը, նույնիսկ բարդ իրավիճակներում ճիշտ, արագ որոշում կայացնելու ու փոխզիջման գնալու պատրաստակամությունը, ինձ՝ որպես նախկին ոստիկանության աշխատակցի, հույս է տալիս, որ կխուսափենք բախումներից, անցանկալի միջադեպերից...
Կարեւորը նա է, որ այդ ամենը գիտակցեն նաեւ հավաքների, երթերի մասնակիցները... Իսկ ոստիկաններին հորդորում եմ պահել վերջին տարիների ձեռք բերումները, լինել կոռեկտ, հարգալից եւ գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեր դիմաց ՀՀ քաղաքացիներ են կանգնած:
Ես բարեւում եմ Ձեզ, Րաֆֆի, նույն ոգով շարունակեք առանց բախումների, առանց վիրավորանքների, առանց սադրանքների եւ ամենակարեւորը՝ չունենանք հերթական մարտի մեկեր...
Աստված պահապան բոլորիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել