Ո՞ր ուղղություններով է ավելացել ՀՀ-ից արտահանումը
2016-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 293 մլն դոլար՝ աճելով 19,6 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 295 մլն դոլար՝ նվազելով 0,8 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է՝ կազմելով մոտ 1 մլրդ 2 մլն դոլար:
Դեպի մեր հիմնական շուկա՝ Ռուսաստան արտահանումը կտրուկ՝ 54,6 տոկոսով աճել է՝ կազմելով մոտ 260 մլն դոլար: ԱՊՀ երկրներից զգալիորեն աճել են նաև դեպի Բելառուս (78,6 տոկոս), Ղազախստան (48 տոկոս) և Ուկրաինա (52,1 տոկոս) արտահանումը:
Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ 2016թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 345 մլն դոլար՝ աճելով 14,1 տոկոսով: Աճի այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է դեպի մեկ երկիր՝ Բուլղարիա 2 անգամ կամ մոտ 57 մլն դոլար արտահանման աճով:
Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա, Իրաք, Կանադա, Վրաստան արտահանումը: Նկատելիորեն նվազել են դեպի Չինաստան, Իրան, ԱՄՆ արտահանման ծավալները: