Ինչպես գիտենք, օրենքով արգելված է անչափահաս երեխաներին վաճառել ծխախոտ կամ ալկոհոլային խմիչքներ: Հաշվի առնելով տնտեսական օգուտները՝ վաճառողները հաճախ հաշվի չեն նստում օրենքի հետ, ինչն առողջապահական տեսանկյունից ոչ միայն վտանգավոր է ներկա, այլ նաև ապագա սերունդների համար: Հաշվի առնելով ահազանգերը և կատարված ուսումնասիրությունները` պետք է փաստել, որ իրավիճակը բավականին լուրջ է:
Խնդրի լուծման նպատակով գործադիր մարմնի հերթական նիստերից մեկի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր տեղական ինքնակառավարման մարմիններին պատշաճ հսկողություն իրականացնել և թիրախավորել սրճարանները, ակումբներն ու զվարճանքի այլ վայրերը:
Հարցի վերջնական լուծումը այս դեպքում կախված է ոչ միայն պետության քաղաքականությունից: Գործընթացին պետք է ակտիվորեն ներգրավվեն նաև քաղաքացիները և ահազանգեն նմանատիպ դեպքերի վերաբերյալ: Կասկածից վեր է, որ վերահսկողության խստացման դեպքում վաճառողները կլինեն ավելի զգոն և չեն շարունակի խախտել օրենքը: