Image result for դրամ270 մլն դրամի տնտեսում` 4 ԾԻԳ-ի կրճատման հաշվին

Պետական կառավարման համակարգում բարեփոխումների մասին հայտարարությունները կլինեին ոչինչ, եթե դրանց չհաջորդեին կոնկրետ գործողություններ: Մի քանի շաբաթ առաջ գործադիր մարմինը հայտարարել էր, որ սկսում է պետական կառավարման մարմինների «մաքրման աշխատանքներ»: Մասնավորապես խոսքը գնում է ոչ արդյունավետ աշխատող պետական կառույցների կրճատման մասին: Ինչպես հիշում ենք, այդ շրջանում փակվեցին մի շարք ԾԻԳ-եր և ՊՈԱԿ-ներ:

Թվում էր, թե գործադիրն այդքանով ավարտել է սկսած աշխատանքները, սակայն այսօրվա նիստում կրկին անդրադարձ է եղել ԾԻԳ-երի և ՊՈԱԿ-ների թեմային: Կառավարության որոշման համաձայն՝ դադարեցվել են Արտակարգ իրավիճակների, Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների ենթակայության տակ գտնվող թվով 4 ԾԻԳ-երի աշխատանքները: Ընդհանուր տնտեսման չափը կազմում է 270 մլն դրամ:

Գործադիր մարմինը կարծես անցել է էկոնոմ ռեժիմին: Պատահական չէ, որ օպտիմալացման առաջին ալիքն ուղղված էր պետական գնումների ոլորտին և ԾԻԳ-երին: Այստեղ առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր, ինչի մասին մշտապես ահազանգեր ու քննարկումներ են եղել նաև մամուլում:

Ճիշտ է, կարծիքներ կարող են հնչել, թե դրանք փակելով՝ պետությունը կրճատում է աշխատատեղեր: Հանուն արդարության պետք է նշել, որ, եթե այս կամ այն պետական ենթակառուցվածքի օգտակար գործողության գործակիցը հավասար է զրոյի, բայց բյուջեից ստանում է գումար, ապա պետք չէ դա պահել զուտ աշխատատեղերի կրճատումից խուսափելու համար: Նման երևույթները քաղցկեղի նման կարող են քայքայիչ ազդեցություն ունենալ ամբողջ պետական կառավարման համակարգի վրա:

Արդյունքների մասին վաղ է խոսել, սակայն ակնհայտ է, որ պետությունը գնում է նախկինում հայտարարած պլանների իրականացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել