Image result for Կարմիր գծերՀամակարգային բարեփոխումները բուռն կերպով ընթացքի մեջ են: Այս գործընթացը, որը սկսվեց նոր կառավարության ձևավորումից, նախարարական պորտֆելներում նոր դեմքերի նշանակումից ու կառավարման համակարգի միջին օղակներում կատարված փոփոխություններից, ներկայումս խորքային բնույթ են ստանում, որոնք անմիջականորեն կապվում են հանրությանը մտահոգող խնդիրների հետ: Այս համատեքստում կարելի է դիտարկել «Գազպրոմ Արմենիայի» կողմից գազի սակագնի նվազեցման առաջարկությունը, որը հանրության համար կարևոր նշանակություն ունեցող հարց է:

Քաղաքացիներին մտահոգող կարևոր խնդիրներից մեկն էլ կարմիր գծերի և ճանապարհային տեսախցիկների գրանցած տուգանքների հարցն է: Մոտ երկու տարի է, ինչ քաղաքացիները դժգոհում են, որ տեսախցիկների արձանագրած տուգանքների և վճարումների մոտ 70 տոկոսը հասնում էր մասնավորին, իսկ 30 տոկոսը մուտքագրվում էր պետբյուջե՝ այն պարագայում, երբ բյուջեում հավաքագրվող միջոցները սուղ են: Հաշվի առնելով հանրային պահանջի ձևավորումը՝ պետությունը որոշել է պետականացնել մասնավորի կողմից իրականացվող նշված ծառայությունները:

Այս ամենն իր արձանագրումն է ստացել նախագահի՝ ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին ուղղված հանձնարարականում, ըստ որի՝ նրանք պետք է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակեն, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին:

Մասնավորի կողմից իրականացվող գործառույթների պետականացումն ունի նաև իր հոգեբանական կողմը՝ վարորդները տուգանքները վճարելիս հաշվի կառնեն, որ այդ գումարները գնալու են ոչ թե մասնավորի գրպանը, այլ պետբյուջե, որը սպասարկում է ողջ հանրության շահերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել