«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն առաջարկել է վերանայել բնական գազի սակագինը և ձևավորել սպառողական առանձին խմբեր, որոնց մեջ մտնելու են նաև ջերմոցային տնտեսությունները: Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գևորգյանը banks.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկին, նշել է, թե իրենք դրական են գնահատում գազի գնի վերանայումը:
Խնդիրն այն է, որ ջերմոցային տնտեսությունների կողմից սպառվող գազի սակագնի իջեցումը բարենպաստ պայմաններ կստեղծի գյուղատնտեսության այս ճյուղի զարգացման համար, քանի որ ջերմոցային տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկը էներգակիրների գներն են: Եթե հաշվի առնենք, որ ջերմոցների արտադրանքի ինքնարժեքի շուրջ կեսը կազմում է գազը, ապա սակագնի իջեցումը կազդի ոչ միայն ջերմոցային արտադրանքի ինքնարժեքի վրա, այլև հիմք կծառայի ոլորտի՝ առավել եկամտաբեր դառնալուն:
Վերջապես ջերմոցային տնտեսութունները կկարողանան օգտագործել ընձեռված այս հնարավորությունը, և լրացուցիչ միջոցները, որ նրանք նախատեսում էին վճարել թանկ գազի համար, կուղղեն նոր ջերմոցային տեխնոլոգիաներ ձեռք բերելուն: