Որո՞նք են ՀՀ-ից արտահանվող 4 խոշոր ապրանքախմբերը
2016-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 293 մլն դոլար՝ աճելով 19,6 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 295 մլն դոլար՝ նվազելով 0,8 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ՝ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է՝ կազմելով մոտ 1 մլրդ 2 մլն դոլար:
2016-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից արտահանված մոտ 1 մլրդ 293 մլն դոլար ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Մասնավորապես, տարեկան արտահանման մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը` մոտ 341 մլն դոլար, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ նվազել է 4,7 տոկոսով: Նվազումը պայմանավորված է պղնձի միջազգային գների նվազմամբ: Երկրորդ խոշոր ապրանքախումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 283 մլն դոլար, որի արտահանումն աճել է 27,6 տոկոսով, երրորդը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերն են (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք եւ այլն)՝ 267 մլն դոլար, կտրուկ՝ 89,6 տոկոս արտահանման աճով, չորրորդը՝ ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (սև մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ և արտադրանք պղնձից, ալյումին և արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա և արտադրանք դրանցից)` մոտ 158 մլն դոլար, արտահանման նվազել է 8,7 տոկոսով:
Այս 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած կազմում է մոտ 1 մլրդ 49 մլն դոլար:
Այս 4 ապրանքախմբերին այս տարի մոտեցել է մանածագործական իրերի արտահանումը, որը 9 ամիսների արդյունքով կազմել է 72 մլն դոլար՝ ավելանալով 46,2 տոկոսով:
Նկատելիորեն՝ 58,7 տոկոսով կամ 18 մլն դոլարով ավելացել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, կազմելով գրեթե 50 մլն դոլար, 38,3 տոկոսով կամ մոտ 7 մլն դոլարով աճել է սարքերի և ապարատների արտահանումը՝ կազմելով 23 մլն դոլար, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմների արտահանումն ավելացել է մոտ 3 մլն դոլարով կամ 25,1 տոկոսով՝ կազմելով 14 մլն դոլար, ինչպես նաև զգալիորեն ավելացել են թուղթ և թղթից իրերի, կոշկեղենի, կենդանական և բուսական ծագման յուղերի, քիմիական արդյունաբերության և մի քանի այլ ապրանքախմբերի արտահանումը, բայց գումարային առումով դրանք էական դեր չեն զբաղեցնում արտահանման ընդհանուր ծավալների մեջ: