Թուրքիայում շարունակվում են բորբոքվել քաղաքական կրքերը։ Ռազմական անհաջող հեղաշրջումից հետո երկիրը շարունակում է գտնվել ցնցումների մեջ, սակայն ոչ մի կերպ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվում զսպել կրքերը։ Դրան խանգարող մի քանի հանգամանքներ կան։ Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգը բավականին բազմաշերտ է, ինչն էլ իր հերթին առայժմ անկայուն վիճակում է պահում երկիրը։ Առաջին գործոնը Իրաքի «օպերացիան էր»։ Ինչպես գիտենք, թուրքական զինված ուժերը, այնուամենայնիվ, մտան հարևան երկրի տարածք՝ իրենց մեկնաբանությամբ իսլամիստների դեմ պայքարելու, սակայն քաղաքական շրջանակներում հայտնի է, որ իրականում Էրդողանը նպատակ ուներ պայքար մղել քրդերի դեմ և թույլ չտալ նրանց միացումը հենց բուն Թուրքիայի տարածքում գտնվող, իսկ ավելի կոնկրետ՝ Դիարբեքիրում ապրող քրդերի հետ, որը վտանգ կդառնար Թուրքիայի համար։ Թուրքական մամուլում գրում են, որ առհասարակ թուրքական էլիտաներում ներքին տարաձայնություններ են առաջացել երկրի նախագահի ու արտաքին գործեր նախարար Մևլուդ Չավուշօղլուի միջև։ Կայքերում խոսվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարության մասին, երբ նախարարը նշել էր, որ Իրաքում Թուրքիայի կողմից ստեղծված Բաշիքա ռազմական ճամբարի պատճառով երկու երկրների միջև ստեղծված լարվածությունն ավելորդ էր ու անտեղի։ Էրդողանը համարում էր, որ ճամբարը պետք է մնա, իսկ արտգործնախարարը գտնում էր, որ դրա անհրաժեշտությունը չկա, ու դա ավելորդ լարվածություն է մտցնում երկու երկրների միջև։
Երկրորդ հարցը քրդական հարցն է։ Պաշտոնանկ է արվել քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքը, ինչը առաջացրել է Դիարբեքիրի քաղաքացիների զայրույթն, ու նրանք դուրս են եկել փողոց՝ բողոքելու կառավարության այդ որոշման դեմ։ Այս պահին դադարեցված է քաղաքապետարանի աշխատանքը, չեն աշխատում քաղաքային տրանսպորտն ու քաղաքապետարանին ենթակա փողոցների մաքրման ծառայությունները, ինչի հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում աղբի մեծ կուտակումներ են գոյացել, ինչն առաջացրել է բնակչության դժգոհությունը:
Դիարբեքիրում թուրքական օպերատորները դադարեցրել են ինտերնետի մատակարարումը, ջուրը և էլեկտրականությունը մատակարարվում են օրական մեկ ժամով: Քաղաքացիական անհնազանդության հետևանքով տեղի են ունեցել բախումներ քաղաքացիների և ոստիկանության զորքեր միջև, որի արդյունքում ուժայինները ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ։
Արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Էրդողանին այդպես էլ չի հաջողվում լիկվիդացնել քրդական գործոնը։ Ինչքան ավելի շատ են իշխանությունները ուժ գործադրում քրդերի նկատմամբ, այնքան ավելի են վերջիններս համախմբվում և պայքարում իրենց անկախության համար։ Սրան գումարվեց նաև իրաքյան օպերացիան, որը, արդեն նշեցինք, որ շատ հնարավոր է Թուրքիայի քաղաքական շրջանակներում տարակարծությունների առիթ է տվել դրա նպատակահարմարության առումով։ Մի խոսքով՝ Թուրքիայում բավականին հետաքրքիր ու բուռն իրադարձություններ են զարգանում, որոնք մոտ ապագայում կարող են նոր ուժով բորբոքվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել