Картинки по запросу Կարեն ԿարապետյանԵրեկ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցությունը՝ Տպագրատան շենքի պայթեցման վերաբերյալ, բավականին ուշագրավ էր։ Խոսքը, ինչպես գիտեք, վերոնշյալ շենքի պայթեցման մասին էր, որը տեղի էր ունեցել առանց հարակից տարածքի բնակիչներին զգուշացնելու, տեղի էր ունեցել օրը ցերեկով ու օրենսդրական դրույթների մի ամբողջ փաթեթի կոպիտ խախտումներով։ 
Նիստին ներկա էր նաև շենքի սեփականատերը, ում ակնհայտորեն դուր չէին գալիս վարչապետի հանձնարարականները։ Կարեն Կարապետյանի արձագանքը կտրուկ էր, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում տրվեց Հայաստանում փոփոխություններ իրականացնելու ու «սրբազան հնից» հրաժարվելու մանիֆեստը, և այդ հանդիպումից ընդամենը մի քանի օր հետո տեղի է ունենում նման դեպք, որը իրավական ու բարոյական ապտակ էր հանրությանը։ Այն, որ տեսախցիկների առջև տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, պարզելու, թե նախարարության կոնկրետ որ մասնաճյուղն էր պատասխանատու հանրության իրազեկման ու շենքի պայթեցման գործընթացի ապահովության համար, ինչ խոսք, գովելի է։ Գովելի է այնքանով, որ վերջապես եկել է պատասխանատվություն վերցնելու ու այդ պատասխանատվությունը պատվով տանելու ժամանակը։ Եկել է ժամանակը օրենքից ու առհասարակ ամենքից իրենց վեր դասող ու արտոնյալ համարող որոշ կեղծ «ամուր ընկույզներին» ցույց տալու, թե ով է իրականում քաղաքի տերը և ով է որոշում կայացնում։ Եվ պատահական չէ, որ վարչապետը նաև հանձնարարեց օրենքով սահմանված կարգով մեղավորներին տալ ամենախիստ պատիժը։
 
Եվ ահա այսօր արդեն պարզ դարձավ, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) պայթեցման աշխատանքների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցում էին խնդրին առնչվող ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարները։ Խորհրդակցության արդյունքում նախարարը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն և տույժի ենթարկել ՓԾ ղեկավար կազմի պատասխանատուներին։ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը և լիցենզավորման հանձնաժողովը ԱԻ նախարարի հանձնարարությամբ, ուսումնասիրելով Երևանի Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետևանքները, օրենքով սահմանված կարգով 2 ամիս ժամկետով կկասեցնի և 1 մլն դրամի չափով տուգանքի կենթարկի պայթեցման աշխատանքներ իրականացրած «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
 
Եվ ուրեմն՝ առաջին քննությունը Կարեն Կարապետյանի համար կարելի է համարել հաջողված։ Տրվել են ոչ միայն գնահատականներ, այլ նաև փաստ է, որ պատժվել են  մեղավորները, և բացառված չէ, որ շենքի սեփականատերը նույնպես կրի պատասխանատվություն մեղքի իր բաժնի համար։ Սա կարևոր է այնքանով, որ Կարապետյանը նիստը հրավիրել և վարում էր ոչ թե հանրությանը, այսպես ասած, սիրաշահելու համար, այլ որովհետև այդպես է պահանջում օրենքը։ Այդպես է պահանջում նախևառաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ու օրենքի տառին պետք է հետևեն բոլորը։ Սրանով, իհարկե, պետական ապարատում կամ մասնավոր սեկտորում Կարապետյանի կողմնակիցների թիմը դժվար թե շատանա, շատերը նույնիսկ կարող են սկսել վախենալ վարչապետից, սակայն շատ կարևոր է, որ հանրության շրջանում նրա մասին ձևավորված դրական կարծիքը հօդս չցնդի ու ամրապնդվի։ Դա այն է, ինչ երկար ժամանակ չի հերիքել Հայաստանի համարյա թե ամեն մի պաշտոնյայի։ Բնականաբար, Կարապետյանը հաճախ է բախվելու նման խնդիրների, և նրա վճռականությունից ու կամքից է կախված՝ կշարունակի նա լինել հանրության ֆավորիտը, թե, այնուամենայնիվ, ընթացքում վարչապետի նյարդերը տեղի կտան, ու նա էլ իր հերթին ինչ-որ իքս կետում տեղի կտա Հայաստանի գավառական կառավարման կարծրատիպերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել