Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների 37 տոկոսը եկավ ապացուցելու, որ հնարավոր է։ Նա իրապես կարողացավ ժողովրդի մեջ արթնացրել տիրոջ, քաղաքացու, այլընտրանքի համոզումը։
Այդ 37 տոկսը ոչ միայն ձայն է տվել Րաֆֆուն, այլև ՈՉ է ասել ներկա իրականությանն ու քաղաքական համակարգին: Փաստացի, այսօրվա որակներով՝ խեղված իրավունքներով ու արժանապատվությամբ, կոռուպցիայի մեջ թաղված, քրեաօլիգարխիկ, արտագաղթից ու աղքատությունից նվաղող Հայաստանին ոչ ասողների թիվն ավելին է, քան քվեարկության մասնակցածների 37 տոկոսը։ Եթե այս ընտրազանգվածին գումարենք ընտրության չմասնակցողների շուրջ 40 տոկոսը, որի անտարբերությունն ինքնին գնահատական է, գումարենք նաև շուրջ 50 000 անվավեր ընտրաթերթիկները (Զաք Նորիսից մինչև Քիմ Քարդաշյան ու Չիբուրաշկա), ու հաշվի առնենք, թե ինչ հսկայական վարչական ու քրեաօլիգարխիկ ռեսուրս է գործադրվել ընտրություններում, ապա միանշանակ է՝ գործ ունենք կողմնորոշված հասարակության հետ, որը «ո՛չ» է ասում իրականությանը, և ինքը կարող է իբրև գիտակից քաղաքացի իսկապես տեր կանգնել Հայաստանին։
Պատկերն, անշուշտ, ամբողջական չի լինի, եթե նկատի չունենանք, որ ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ ընտրազանգվածի մի մաս հանուն Հայաստանի, մեր պետականության ու արժանապատիվ երկրի իր կողմոնորոշումն ուղղորդեց դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սա իսկապես լուրջ քաղաքական կապիտալ է և գործոն, որը որակապես նոր Հայաստանի քաղաքական պատվեր է ձևակերպում։
Հազարավոր մեր հայրենակիցներ հրապարակում են՝ պաշտպանելու ու տեր կանգնելու իրենց ձայնին, ամրագրելու սեփական հաղթանակն ու պայքարելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, իրավական ու ժողովրդավարական Հայաստանի համար։
Ի՞նչ ընթացք կունենան դեպքերը, հետընտրական այս դրական, ժողովրդական էներգիան ինչպե՞ս կուղղորդվի՝ ցույց կտա ժամանակը։
Բայց մի բան հստակ է՝ Հայաստանում իսկապես կա այն տեսակը, որը քաղաքացի է, որ պատրաստ է տեր կանգնել իր ձայնին, պատասխանատու է իր ու երկրի ապագայի համար ու պատրաստ է մինչև վերջ գնալ՝ հակառակ ճնշումների ու գայթակղություններին։ Հայաստանի համար որակապես նոր ժամանակներ են գալիս:
Ու, եթե անգամ (ըստ պաշտոնական տվյալների) Սերժ Սարգսյանը տոկոսային հարաբերությամբ ավելի շատ ձայն է հավաքել, քան նախորդ ընտրություններում, այնուամենայնիվ 37 տոկոսանոց ընտրազանգվածի կարծիքի հետ հաշվի չնստելն ուղղակի խելամիտ չէ, անհեռանկար է:
Նախկին խաղի կանոններով այլևս անկարելի է խաղալ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/443556025721017
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել