Հակառուսականությունը և մասնավորապես հակապուտինիզմը կուրացրել են արևմտյան վերլուծաբանների ու ղեկավարների աչքերը: Արևմտյան կամ քրիստոնեական քաղաքակրթության համար այսօր ամենամեծ վտանգը ոչ թե ատոմային ու ջրածնային ռումբով և բալիստիկ հրթիռներով զինված Ռուսաստանից է գալիս, այլ ավտոմատներով և ընդամենը հրանոթներով զինված Արաբական Խալիֆաթ անունը կրող կազմավորումից: Իրաքի և հատկապես Սիրիայի վարչակազմերի դեմ մղվող պատերազմում վերջինիս հաղթանակը կբերի մահմեդական արմատականության հզոր աճին, իսկ պարտությունը` դրա վերջնական նահանջին պատմության թատերաբեմից: Խալիֆաթի դեմ իրաքցի զինվորը կռվում է այնքանով, որքանով Խալիֆաթին դիմակայում է Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը. եթե Ասադը պարտվեց, ապա նրա դեմ կռվող, այսպես կոչված, ոչ արմատական ընդդիմությունը կամ կմիանա Խալիֆաթին և կամ կոչնչացվի նրա կողմից: Զարմանում եմ, որ այս հասարակ ճշմարտությունը չի ընկալվում Արևմուտքում, և ԱՄն-ն էլ շարունակում է զինել «լայթ» ընդդմիությանը, որի զենքը հայտնվում է արմատականների ձեռքում կամ եթե դեռևս չի հայտնվում, ապա վաղ թե ուշ կհայտնվի: Որքան էլ Պուտինը Արևմուտքի համար լինի ոչ ընդունելի, նա այսօր քրիստոնեական քաղաքակրթության հենարանն է Մերձավոր Արևելքում` թիկունք կանգնելով Ասադին: Բազմիցս եմ գրել այս հարթակում` Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլի նման հակաստալինյան և հակաբոլշևիկ դժվար գտնվեր իր ժամանակ, սակայն նա համագործակցեց Ստալինի հետ, քանի որ Անգլիային վտանգ էր սպառնում ոչ թե Մոսկվայից, այլ Բեռլինից: Վախենամ, որ այս պարզ ճշմարտությունը չընկալելը մի օր քրիստոնեական աշխարհը կկանգնեցնի աղետի առջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: