Ինչպես կասեին կաթ ու մածուն կերած մեր նախնիները, բերեք ծուռ նստենք ու դուզը խոսենք: Մի՞թե պարզ չի, որ Հայաստանի նման ծանր սոցիալական վիճակում գտնվող երկրում բողոքավոր զանգված հավաքելը շատ հեշտ է, ընդամենը պետք է մի քիչ հռետորական արվեստի տիրապետել, մի քիչ փող ունենալ, մի քիչ էլ դեմքի լուրջ ու ջղային արտահայտությամբ սկսել ասել այն, ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԼՍԵԼ ժողովուրդը: Թերևս օրինակները շատ են, անուններ չտամ: Կա մարդկանց մի տեսակ, ովքեր իրենց էությամբ «ամբոխավար» են, կան նաև այնպիսինները, որոնք էությամբ հակաիշխանական են, դա ևս էություն է, ամեն դեպքում, մենք բոլորս մեկ ազգ ենք: Հիմա անցնեմ բուն թեմային. մի՞թե այս ամենն իմանալով հանդերձ՝ կարելի է ընկալել Ազատության հրապարակում հավաքվող մեր բազմահազար քույրերին ու եղբայրներին որպես Րաֆֆուն սատարողներ: Իհարկե ոչ, Րաֆֆին ընդամենը հայտնվել է ճիշտ պահին ճիշտ տեղում, իսկ այդ բազմությունը միշտ եղել է: ՑԱՎՈՔ, միշտ էլ մեր անկեղծ պայքարող քույրերին ու եղբայրներին տարբեր ձևերով «քցել են»: Տա Աստված, որ այս անգամ սխալվեմ, բայց խոսքս դառը փորձ ունի: Հիմա վաղը Րաֆֆին գալիս է Գյումրի, ի՞նչ եք կարծում աղքատության նման բարձր մակարդակ ունեցող քաղաքում որքա՞ն մարդ կգնա հանրահավաքի: ՑԱՎՈՔ, էնքան շատ են խնդիրները, որ մարդկանց զգալի մասն աշխատանք չունի, պարապ է ու բնականաբար կգնա Րաֆֆու հավաքին, կլսի, անկեղծորեն կոգևորվի, կկարծի, թե մի քիչ էլ, ու Րաֆֆին իրենց սաղ հարցերը կլուծի: Բայց այդ մարդուն, անկասկած, հիասթափություն է սպասվում, քանզի ո՛չ Րաֆֆին, ո՛չ էլ մյուսը չեն ասում, որ քաղաքացի ջան, քո տունը դու պետք է պահես, ու ով էլ լինի նախագահ, մեկ է դու դա անելու ես քո քրտինքով: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Մեր քաղաքացիները ջահել աղջիկների նման սկսել են «սիրահարվել» ականջներով:



