Երեկ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության փողոցում, պայթեցվել է նախկին առաջին տպարանի շենքը։ Պայթեցվել է, այսպես ասած, «գաղտագողի» եղանակով, իբր թե ոչ մեկ չտեսնի։ Համենայն դեպս այդպիսի տպավորություն է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ շինությունը իսկապես Երևանի ամենահին շենքերից մեկն էր, հազվադեպ շինություն, որ օտար աչքում կարող է վստահության կաթիլներ առաջացնել, որ Երևանը իսկապես հին քաղաք է՝ հազարամյա պատմությամբ։ Շենքը պայթեցվել է շատ հանկարծակի, առանց հարակից տարածքների բնակիչներին զգուշացնելու, այսինքն՝ սա նշանակում է՝ մարդիկ պարզապես ահաբեկվել են ու այսահարվել։ Սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ի վերջո, քաղաքապետարանն այսքան ժամանակ առնչվել է հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, քաղհասարակության հետ, և այդ կառույցի ղեկավարությունն ու հենց գլխավորապես քաղաքապետ Տարոն Մարգարյանը այդպես էլ չհասկացան, որ հանրությանը ավելի շատ վրդովվեցնում է այն իրավիճակը, երբ իր կարծիքը բացարձակապես հաշվի չեն առնում։ Այսինքն՝ հենց այնպես կարելի է մի օր վեր կենալ, վատ տրամադրություն ունենալ ու քաղաքի ճարտարապետական տեսքը կարգի բերելու համար որոշել քանդել ինչ-որ մի հին շինություն առանց բնակիչներին զգուշացնելու, առանց որևէ հանրային քննարկում, հարցում անցկացնելու և հետո էլ նեղանալ, թե հանրությունը, մարդիկ չեն վստահում իշխանություններին և այլն, և այլն։
Հիմա տեսեք՝ ինչ է սպասում քաղաքապետարանը։ Այսինքն՝ նախ՝ քանդենք, հետո նոր քննարկում ծավալենք, մեկ է, կորցրածը հետ բերել չի լինի, ընթացքում հանրության փուքսը կթողնի, դե մեզ էլ ինչ կտաք, կտաք։ Սա անընդունելի, ավելին՝ դատապարտելի մոտեցում է, որը ակնհայտ արհամարհանք է հանրության նկատմամբ։ Էլ չասած, որ տարիներով խոստացված ու այդպես էլ չվերակառուցված «Հին Երևանը» այդպես էլ մնում է կիսավեր կառույցների մի կույտ, իսկ քաղաք ժամանած զբոսաշրջիկների հարցերին, թե ուր է հին Երևանը, մարդիկ սկսում են մանևրել ու ցրողական պատասխաններ տալ, որովհետև հին Երևան գոյություն չունի։ Եվ թող անձամբ Տարոն Մարգարյանը չզարմանա, որ հանրային մի նոր դժգոհություն ձևավորվի քաղաքապետարանի և անձամբ այդ որոշումը կայացնողների դեմ, որոնք բողոքելու են ոչ այնքան շինության պայթեցումից, որքան տվյալ հանրային օրակարգ ձևավորող հարցի քննարկումից իրենց դուրս թողնելուց։