Ես՝ ՀՀ քաղաքացի Արմեն Հակոբյանս, մի այլ կարգի վրդովված եմ Առաջին տպարանի շենքի (Հանրապետության 65 շենք, Բ մասնաշենք) պայթեցման ու մայրաքաղաքի հանդեպ ցինիկ բարբարոսության, աղաղակող վայրագության եղելությունից:
Սա ուղիղ գծով հանցագործություն է, անկախ նրանից՝ «տեղավորվում» է քրեական օրենսգրքի սահմանումներում, թե՞ ոչ:
Ամենից առաջինը՝ անասելի զայրացնում է այն գաղտագողի «աշխատաոճը», որով իրականացվեց այս բարբարոսությունը. ո՛չ մի հանրային քննարկում, ո՛չ մի բան: Իրենք իրենցով սուսիկ-փուսիկ պայմանավորվել են, որոշել են հոկտեմբերի 27-ին (դե հա, բա ո՜նց, ուրիշ օր չկար օրացույցում, բայց դա էլ դեռ մի կողմ) պայթեցնել ու «գմփացրին»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ էն օրը բավականին անտակտ ձայնը բարձրացրել էր տիկին Անահիտ Բախշյանի վրա, հիմա էլ երևանցիների ու հասարակությա՞ն վրա է գոռալու, թե՝ «լավ եմ արել»: Հասկանալի է, չէ՞, որ առանց քաղաքային իշխանության համապատասխան թույլտվության շենքի պայթեցում չէր արվի:
Ու դրել, 100 տարվա շենքը, որ քաղաքային իշխանության մի այլ՝ միշտ ամեն ինչ արդարացնող ներկայացուցիչ երևի էլի կասի՝ «սարայ էր», պայթեցնում են: Այսինքն՝ պայթեցրին:
Ասում են՝ մեծահարուստներից Գենիկ Կարապետյանն այդտեղ ինչ-որ բան է ուզում կառուցել տա: Ես անձամբ թքած ունեմ, թե ով ինչ է ուզում այնտեղ կառուցի: Անապատում չեք, ոչ էլ անմարդաբնակ ջունգլիներում, քաղաք կա, քաղաքացիներ կան, հասարակություն կա: Հլա մի հատ հարցրեք գոնե…
Ասում են «ՆորՏեղ Շին» կազմակերպությունը, որ «իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ», ավելի պարզ՝ տիրումեր է արել 100 տարվա շենքը, որ քաղաքի պատմության, մշակույթի ու գրական անցուդարձին անմիջական առնչված ճարտարապետական մասնիկ էր, պահպանել է բոլոր կանոնները ու եսիմ ինչ…
Չգիտեմ, թե նրանք էնտեղ ինչ կանոններից են խոսում, բայց խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում անհնար է, որ շենք պայթեցնեն, ու դա կողքի շենքերի վրա ոչ մի կերպ չանդրադառնա: Հիմա սեյսմոլոգներ կգան, կփորձեն ինչ-որ բաներ ասել, հավաստիացնել, բայց ես անձամբ հազիվ թե հավաստիանամ: Եթե այդ սեյսմոլոգները հենց հարևան շենքերի բնակիչներ լինեն, միգուցե հավատ ընծայեմ, իսկ այնպես՝ ոչ:
Ամեն դեպքում քաղաքի կենտրոնում չեն դնում ու շենք գմփացնում:
Հարց է ծագում էլի, թե էդքան վռազ էին: Կամ եթե էդքան հարուստ և ունևոր են, դժվա՞ր էր ուղղակի «սովորական» եղանակով քանդել, ապամոնտաժել, ինչպես մինչև հիմա որոշ գերհանճարեղ «գլխավոր ճարտարապետներ» ապամոնտաժեցին ու կերան Երևանի կենտրոնի ավելի հին շենքերն ու շինությունները:
Բայց այս անգամ ակնհայտորեն վռազել են: Ախր, եթե «սովորական» եղանակով սկսեցին քանդել, անխուսափելի աղմուկ էր բարձրանալու, հարցեր էին բարձրացվելու: Իսկ այսպես, թաքուն-թաքուն պայթեցրին, ու վերջ: Էլի մեծ աղմուկ է, զայրույթ, վրդովմունք, անեծք, բայց փաստն արդեն առկա է. շենքը պայթեցրած, փլցրած է:
Ու մի հարց էլ՝ այս դեպքում Կարեն Կարապետյանին. պարո՛ն վարչապետ, սա՞ է «նոր մոտեցումներով» աշխատելը, թե՞ Դուք էլ թերթերից իմացաք, որ նման բան են արել:
Ով ինչ գիտեր կամ չգիտեր, չգիտեմ, բայց այս պայթյունի հեղինակներն ու համահեղինակները պետք է պատասխանատվություն կրեն: Կամ էլ միանգամից դրեք Երևանը ռմբակոծեք: Մի քանի «հարմար» տեղ կարող եմ ասել՝ Մարզահամերգային համալիրը, Օպերայի շենքը, Հաղթանակ կամուրջը…
Մի՞թե էդ տեղերում ոչ մի հարուստ բան չի ուզում սարքի…
Կից նյութն՝ այստեղ