1975 թ.-ի փետրվարի 22-ին  ծնվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր Դրյու Բերիմորը: Բերիմոր դերասանական դինաստիայի պատմությունը սկսվում է 19-րդ դարից` տրագիկ անգլիացի  դերասան Մորիս Բերիմորից: Չդավաճանելով իր պապերին և ծնողներին` Դրյուն ժառանգում է դերասանական տաղանդն ու հմտությունները:

Առաջին անգամ նա նկարահանվում է գովազդային հոլովակում, երբ դեռ մեկ տարեկան չկար: 1982 թ.-ին` 7 տարեկան հասակում խաղում է «Այլմոլորակայինները» ֆիլմում` մարմնավորելով գլխավոր հերոսի քրոջը: Այնուհետև իրար հաջորդում են ավելի հաջող ֆիլմեր: Մինչ չափահաս դառնալն արդեն Դրյուն ԱՄՆ-ի կուռքն էր:

Սովորական երեխայից սուպերաստղ դառնալու ճանապարհն անհետևանք չի անցել Բերիմորի համար: Նա մարդկանց ու մամուլին սկսեց հետաքրքրել ոչ միայն որպես դերասանուհի, այլ դարձավ «կեղտոտ» թեմաների աղբյուր` ալկոհոլիզմ, թմրադեղեր և ինքնասպանության փորձ: 15 տարեկան հասակում նա հեռանում է մորից, 17-ում` մերկ  նկարահանվում «Փլեյբոյ» ամսագրի համար:  

Այս ընթացքում Դրյուն շարունակում է նկարահանվել, սակայն վատ պահվածքի համար  լուրջ ֆիլմերում նա դեր չուներ: Երկար ընդմիջումից հետո, 1992 թ.-ին նրան գլխավոր դեր են առաջարկում «Թունավոր պատուտակ» ֆիլմում, որին հաջորդում են այլ ֆիլմեր:

1994 թ.-ին դերասանուհին ամուսնանում է Լոս Անջելեսի բարերից մեկի սեփականատեր Ջերեմի Տոմասի հետ և ամուսնալուծվում 6 շաբաթ անց:  

1996 թ.-ից սկսվում է Դրյու Բերիմորի դեպի հաճելի և հմայիչ կերպարի աստիճանական վերադարձը: Իսկական հիթ է դառնում Ադամ Սենդլերի հետ նրա մասնակցությամբ «Երգիչ հարսանիքին» ֆիլմը, որի սցենարը նրանք գրում են երկուսով: Այդ հաջողությունից հետո Դրյուի հոնորարները հասնում են մինչև 7 մլն դոլարի: Նա հիմնում է սեփական կինոստուդիան:

«Ես իմ երջանկության բարձրակարգ ճարտարապետն եմ»,-մի առիթով ասել է դերասանուհին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել